Արցախի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում, տարբեր զորատեսակների ներգրավմամբ, ապրիլի 26-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էին ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նման զորախաղերի անցկացումը նպատակ ուներ բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:
Մարտական պայմաններին հնարավորինս մոտեցված պայմաններում անցկացված զորախաղերը, որոնցում ներգրավված էին նաև հրետանային առանձին ստորաբաժանումներ և զրահատանկային ուժեր, ցույց են տվել, որ մասնակից անձնակազմն ունի մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն և պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր: