Search
Close this search box.

Հայկական զինուժը ադրբեջանցի երեխաների վրա չի կրակել. ԱՀ ՊԲ-ն հերքում է

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ս.թ. ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և 25-ի ժամը 15:20-ի սահմաններում հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում տեղակայված մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ երեխաներ, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն կտրականապես հերքում է ադրբեջանական կողմի տարածած տվյալ տեղեկությունը, այլև այն որակելով սադրիչ, իր պատրաստակամությունն է հայտնում, անհրաժեշտության դեպքում, վերոնշյալ բնագծերում առկա իրավիճակը բնութագրող տեսագրությունները՝ ֆիքսված տեսադիտարկման համակարգերով, ըստ ժամանակագրության ներկայացնել հանրության առավել լայն շրջանակների ուշադրությանը:

Միաժամանակ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմի տառին ու ոգուն, կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և շարունակել պահպանել կառուցողական կեցվածք:

Please enter a valid URL