Search
Close this search box.

Իրազեկում՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչեւ 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում: Հայտարարված զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տարածքային զինկոմիսարիատներից հաղորդումներ են ուղարկվում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններ, որոնք ուսումնասիրվում են և հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում հարուցվում են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որի 1-ին մասով նախատեսված է պատիժ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

ՀՀ այն քաղաքացիները, որոնք հայտնաբերվում կամ համապատասխան իրավապահ մարմիններին /քննչական կոմիտե, ոստիկանություն և այլ իրավապահ կառույցներ/ են ներկայանում զորակոչի ենթակա տարիքում՝ այսինքն՝ մինչև 27 տարին լրանալը, ներկայացվում են համապատասխան տարածքային զինկոմիսարիատ, հետազոտվում են բժշկական հանձնաժողովի կողմից և պիտանի ճանաչվելու դեպքում ստանում են ՀՀ զինված ուժեր մեկնելու ծանուցագիր: ՀՀ զինված ուժեր զորակոչվելուց հետո քննարկվում են անձի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հիմքերը, իսկ եթե զորակոչի ենթակա քաղաքացին հրաժարվում է մեկնել ծառայության, ապա քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվում է դատարան:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները՝ում 27 տարին /պահեստազորի սպաները՝ 35 տարին/ լրացել է մինչև 2019թ. մարտի 01-ը /օրենքի փոփոխությունը 2019թ. մարտի 6-ին ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից/, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված /խուսափած/ զորակոչի դիմաց կարող են կատարել օրենքով սահմանված վճարներ /գումարի չափը որոշվում է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովի կողմից՝ ըստ զորակոչից խուսափած քանակի/:

Նշված գործընթացը կատարվում է հետևյալ կերպ. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է: Դիմումին կից ներկայացվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը: Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության, հյուպատոսարանի կամ լիազորված անձի միջոցով: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է համապատասխան մարմիններին/քննչական կոմիտե, ոստիկանություն և այլ իրավապահ կառույցներ/: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները դիմումի պատասխանը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, օրենքով սահմանված վճարները ցանկացած վճարային համակարգի միջոցով կարող են վճարել ՝ ՀՀ Կենտրոնական բանկի գանձապետարանի հետևյալ հաշվեհամարին 900018113010:

Օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, օրենքով սահմանված վճարը կատարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, վարույթ իրականացնող մարմինը որոշում է կայացնում քրեական հետապնդման դադարեցման մասին, որից հետո անձը ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում պահեստազորում:

ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն և անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե քննությունից խուսափող անձի կողմից հանցանքն ավարտված համարվելու օրվանից անցել է 10 տարի, այսինքն՝ երբ լրացել է քաղաքացու 37 տարին, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ / տես ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը/: ՀՀ սահմաններից դուրս գտնվող և ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացիները կարող են նոտարական վավերացմամբ կամ հյուպատոսարանի միջոցով դիմում ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմիններին իրենց վերաբերյալ քրեական գործով վարույթը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ: Նշված դիմումը /միջնորդությունը/ ստանալու պարագայում կքննարկվեն անձի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հիմքերը:

ՀՀ սահմաններից դուրս գտնվող, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով հետախուզվող ՀՀ քաղաքացիներն իրենց կարգավիճակի և այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող են համապատասխան հարցում կատարել [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:

ՀՀ քննչական կոմիտե

Please enter a valid URL