Ձախում կինն է՝ Լիլիթը, աջ կողմում՝ Օմար Ազմանյանը
forrights.am-ը գրում է. «Արմավիրի ոստիկանությունում ծեծում են ամուսնուս, ջարդում՝ կողոսկրը, ստիպելով ընդունի չկատարած հանցանքը: Էդ վախից ու ցավից գրում ա, որ ինքն ա կատարել: Ոստիկանները սպառնում էին, համոզում, ասում էին՝ ասա, որ դու ես արել, մենք մի բան կանենք, կթողենք կգնաս տուն, 3 երեխա ունես, էդ հիմքով քեզ չեն ձերբակալի: Դե ամուսինս էլ մի քիչ մանկամիտ ա էլի էս իրա հիվանդությունից, շուտ համաձայնվում ա: Դրա համար էլ միանգամից իրա վրա ա վերցնում՝ առանց հետևանքների մասին մտածելու»,- Forrights-ին է պատմում Լիլիթը ու խնդրում՝ մի բան արեք, օգնեք էլի, ես մենակ եմ մնացել:
34-ամյա, ազգությամբ եզդի Օմար Ազմանյանը դեռ մանուկ հասակից հոգեկան խնդիրներ ունի, սակայն դա պատճառ չի հանդիսանում, որ ընտանիք կազմի և 3 երեխա ունենա: Կինը՝ Լիլիթը, երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, միասին ապրում են 28 հազար դրամ թոշակով, որի մեծ մասն էլ տրամադրվում է դեղերին:
Օմարը 4 ամիս է կալանավորված է: Մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակում կատարելու համար, սակայն Օմարը, ինչպես կինն է պնդում, դեպքի հետ որևէ առնչություն չունի, ավելին՝ դեպքի ժամանակ տանն է եղել:
«Դեպքի օրը և դեպքի պահին ամուսինս տանն ա եղել. խոհանոցում հեռուստացույց էր նայում, հաջորդ օրն էլ պետք ա բարեկամների հետ գնար Վրաստան՝ հարսանիքի: Առավոտ ժամը 5-ին բարեկամների հետ տանից դուրս ա գալիս ու գնում Վրաստան: Իրենից հետո մեր տուն ա գալիս թաղայինն ու ամուսնուս գտնվելու մասին հարցնում: Ամուսնուս հետ եմ կանչում, ասում, որ գնա ներկայանա: Վախեցավ, ասում ա՝ Լի՛լ, որ ես գնամ Ոստիկանություն, չեմ կարա էլ հետ գամ, գլխիս սարքելու են: Ու հենց սահմանին իրեն բռնում են, տանում Արմավիրի ոստիկանություն ու սկսում…»:
Ավազակային հարձակումը, որի մեջ մեղադրվում է Օմարը, գործել են դիմակներով: Տուժողները նկարագրել են՝ բարձրահասակ թիկեղ տղամարդու, այնինչ Օմարը, ինչպես կինն է նկարագրում, միջահասակ է: Երբ նրան կանգնացրել են ճանաչման՝ տարիքով իրենից մեծ անձանց հետ, տուժողները մատնանշել են Օմարին: Այն հարցին, թե ինչից են ճանաչել, պատասխանել են՝ թրաշից:
Կատարված փորձաքննություններում Օմարի մատնահետքը կամ նրա հետ առնչվող որևէ իրեղեն ապացույց չի հայտնաբերվել: Նրան չեն տարել դեպքի վայր, պատճառաբանելով՝ մեղադրյալն ասել ա՝ մի՛ տար, մենք էլ չենք տարել:
Լիլիթը ցուցմունք է տվել, որ դեպքի ժամերին՝ կեսգիշերին, ամուսինը տանն է եղել, ընկերների հետ սուրճ խմել և պատրաստվել վաղվա մեկնելուն: Ոստիկանությունում կնոջը չեն թույլատրել տեսակցել ամուսնուն, խոշտանգման մասին իմացել է փաստաբանից. Օմարը մինչ օրս չի ցանկանում Ոստիկանությունում տեղի ունեցած ծեծի մասին ինչ-որ բան ասել Լիլիթին:
«Աբսուրդ ա ուղղակի, ոնց որ վատ կինո լինի: Էս ամեն ինչը վերցրել, իրար են կցմցել ու ասում են՝ մեղավոր ա, ինքն ա արել: Ախր ոչ մի ապացույց, ոչ մի վկա չկա, որ Օմարն ա արել, ես իրենց անընդհատ ասում եմ՝ ախր էդ օրը, էդ ժամին իմ ամուսինը տանն ա եղել, ինքը ո՞նց կարար գնար ու պլանավորված ավազակային հարձակում իրականացներ»,- նեղսրտված ասում է Լիլիթը:
Փաստաբան Արսեն Սարգսյանը, չնայած գործում նոր է ներգրավվել, արդեն իսկ միջնորդել է Հատուկ քննչական ծառայությանը դատաբժշկական փորձաքննություն նշանակել և պարզել Օմար Ազմանյանի կողոսկրի վնասվածքի պատճառները: Փաստաբանն այլ մանրամասներ այս պահին չցանկացավ հայտնել:
Օմարի և Լիլիթի ընտանիքը սոցիալական շատ ծանր վիճակում է գտնվում, օգնող չունեն: Ամուսնացել են հալածանքների ու դժվարությունների միջով, հարազատներից ու ծնողներից շատերը դեմ են եղել նրանց միությանը:
«Իրեն, որ տարան քաղմաս, ոչ մեկ չկար, որ հետևից գնար, այ էդքան մենակ ենք մենք»: