Forrights.am-ը գրում է. Ժամկետային զինծառայող Կ-ն բանակային ծառայությունը կալանավայրերում, ռազմական ոստիկանության տարբեր բաժանմունքներում ու բուժհիմնարկներում է անցնում։ 2018 թվականի հունվարի 15-ին նա զորակոչվել է բանակ՝ Մարտակերտի N զորամաս, որտեղ նույն ամսվա ընթացքում ենթարկվել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և ծեծի։ Տղայի կողերը կոտրված են, գլխի վրա վերքեր են, նա հոգեբանական խնդիրներ ունի։ Կարելի է ասել, Կ-ն անտարբերության զոհ է: Զինծառայողների առողջության, կյանքի իրավունքն ապահովելու, նրանց ծեծից, բռնաբարվելուց, նվաստացումներից զերծ պահելու իր պոզիտիվ պարտականությունը պետությունը նրա նկատմամբ չի կատարել։
Կ-ին, ըստ իր ցուցմունքների, բռնաբարել է ՊԲ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկի սպա Գ-ն: Վերջինս մեզ հետ զրույցում հերքում է բռնաբարության մասին պնդումը, վստահեցնելով, որ զինվորը անվանարկել է իրեն: Սպան մինչ օրս ազատության մեջ է: Լուրեր են շրջանառվում, որ նրա կոչումը շուտով բարձրացնելու են: Զինվորին, որը նախ, տուժող է ճանաչվել, պահում էին անազատության մեջ, ռազմական ոստիկանությունում, ճնշումների տակ, մինչև որ նա փոխեց ցուցմունքները:
Այժմ նա մեղադրվում է սուտ մատնության համար /Քր. Օր-ի 333 հոդված/: Գործը դատարանում է: Վերջին նիստը Ստեփանակերտի դատարանում տեղի է ունեցել նոյեմբերի վերջին: Հաջորդը նշանակված է մայիսի 8-ին: Գործով դատավոր է փոխվել, իսկ սա նշանակում է, որ դատաքննությունը սկսվելու է զերոյից: Սպան, որը, ըստ Կ-ի. կատարել է նողկալի արարքը, հարցաքննվել է:
Զինվորի կյանքի վերջին մեկ տարին սարսափ ֆիլմ է հիշեցնում: Նրա գլխին անհասկանալի գոյացություն է հայտնաբերվել: Ստեփանակերտի հոսպիտալում Կ-ին վիրահատել են առանց բուժհետազոտության, ինչի արդյունքում գոյացությունը ճյուղավորվել է: Ներկայում Կ-ն ծառայում է Արցախի զորամասերից մեկում:
Նրա մայրը, որն առաջինն էր որդուց իմացել նրա հետ կատարվածի մասին և փաստորեն, նպաստել էր, որ գործը բացվի ու քննության առարկա դառնա։ Նա վստահեցնում է, որ Կ-ին զորամասում ծաղրի են ենթարկում։
«Ես տղայիս տեսել եմ ամսի 16-ին։ նա ընկճված վիճակում է։ Այն փոքրիկ զորամասում, որտեղ նա հիմա գտնվում է, չգիտես, որտեղից տեղյակ են նրա պատմությանը, որդուս հալածում են։ Կարծում եմ, որ լուրերը նրա հետ կատարվածի մասին հատուկ են տարածվում։ Նա մշտապես հոգեբանի կարիք ունի», — ասում է Կ-ի մայրը։
Զինվորի բժշկական քարտի մեջ ՊՆ 41-ն հրամանի Գ կետն է նշված՝ «թեթև և կարճատև հոգեկան խանգարումներ, որոնք ենթարկվում են բուժման և ավարտվում են լավացմամբ»:
«Այդպես գրված է, բայց բուժում որպես այդպիսին չի իրականացվում», — ասում է Կ-ի մայրը։
Կ-ի փաստաբանը՝ Հայարփի Սարգսյանը, վստահեցնում է, որ այդ ախտորոշումը իր համար անհասկանալի, մութ հանգամանքներում է հայտնվել: Հնարավոր է, որ ՊՆ-ն դա գրել է հատուկ նպատակով՝ կասկածի տակ դնելու համար նրա ցուցմունքները՝ հարցին, փաստաբանը դժվարանում է պատասխանել:
«Ես պահանջել եմ, որ ինձ տրամադրեն Կ-ի բժշկական փաստաթղթերը, սակայն ինձ չեն տրամադրում», — ասում է նա:
Արցախի ՊԲ հոգեբան Հայրապետյանը Forrights.am-ին հայտնեց, որ երկու անգամ «տեսել» է Կ-ին։ «Ես բժիշկ չեմ, որ բուժեմ։ Ես ուղղակի երկու անգամ տեսել եմ նրան, նրա վիճակը պատկերացնելու համար, որ կարողանանք նրան ներկայացնել հոգեբույժի կոնսուլտացիայի։ Նա իմ հաճախորդը չի։ Ուղղակի, ես նրա հետ հանդիպել եմ։ Մեր պետի կողմից հանձնարարություն է եղել իր մոտ առանձնացնել հոգեբանական խնդիրներ և ներկայացնել հոգեբանին»։
Թեթև և կարճատև հոգեկան խանգարումներ պաթոլոգիայի դեպքում նախատեսված է բուժում: Նա ստանո՞ւմ է, թե՞ ոչ այդ բուժումը, ի՞նչ պայմաններում է կատարվել ախտորոշումը և ե՞րբ։
«Ես չեմ կարող ասել, դա իմ մասնագիտությունից դուրս է», — ասաց Արցախի բանակի հոգեբույժը։ Զորամասի պայմաններում հոգեբանի կամ հոգեբույժի օգնություն կազմակերպելն անհնար է:
«Զորամասը չունի հոգեբան, — ասում է Հայարփի Սարգսյանը, — ամեն անգամ, երբ Կ-ի մոտ սրացում է նկատվում, զանգում եմ ՄԻՊ աշխատակազմ, որ նրանք զանգեն ՊՆ, որ այնտեղից հրահանգեն, որ նրան տանեն հոգեբանի մոտ»:
Հոգեբանական խնդիրներից բացի, զինծառայողը նաև կողերի կոտրվածքներ ունի, որոնք հայտնաբերվել են հունվարին, երբ Կ-ի մայրը վերջապես թույլտվություն ստացավ նրան հետազոտման բերել Երևան, Կանազի հոսպիտալ։ Կ-ն պատմել է, որ ծեծի է ենթարկվել իրեն բռնաբարող սպայի կողմից: Ռազմական ոստիկանությունը վնասվածքներն արձանագրել է։ Հունվարի 14-ին նոր քրեական գործ է հարուցվել սպա Գ-ի նկատմամբ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քր․ Օր-ի 358.1-րդ հոդվածով՝ Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, որն անզգուշությամբ պատճառել է առողջությանը ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ /3 մաս, 4 կետ/:
Հայարփի Սարգսյանը դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազին, պաշտպանության նախարարին, ներկայացրել է այս սարսափելի պատմությունը։
«Հարգելի՛ պարոնայք,չնայած իր հետ կատարվածին՝ նա շարունակում է զինվորական ծառայությունը, որի ընթացքում բազմիցս դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով ապահովել իմ վստահորդի անվտանգությունը, բազմիցս իմ միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստակամ է գտնվել և փոխել վստահորդիս զորամասը։ Սակայն իրավիճակը ցույց է տալիս, որ եթե անգամ Կ-ն տեղափոխվի Հայաստանի Հանրապետության որևէ այլ զորամաս, միևնույնն է՝ դրանից նրա հոգեվիճակը չի փոխվի, յուրաքանչյուր անգամ, երբ նա նոր զորամաս է տեղափոխվում, իր հետ «լուրեր են ուղարկում» կատարվածի վերաբերյալ, նրան սկսում են հարցուփորձ անել, ինչի արդյունքում զինծառայողը հայտնվում է դեպրեսիայի մեջ», — գրում է Հայարփի Սարգսյանը, առաջարկելով դադարեցնել Կ-ի զինծառայությունը։
Նա գտնում է, որ սեռական բռնության ենթարկված զինծառայոներին պետք է հնարավորություն տրվի ընտրելու՝ շարունակել ծառայութունը թե ոչ: Առայժմ նա պատասխան չի ստացել։
Դատաբժկական փորձաքննությունների երեք եզրակացություններով ապացուցված է, որ երիտասարդը իր կամքին հակառակ սեռական բռնության է ենթարկվել, որ դա արվել է այն ժանանակ, երբ նա գտնվել է զորամասում: Պաշտպանության նախարարությունը անհետևանք է թողել կատարվածը: Նախարարը ոչինչ չի ձեռնարկում: Երիտասարդին շարունակում են պահել զորամասային պայմաններում որտեղ նա ծաղրի ու նվաստացուցիչ վերաբերմունքի է ենթարկվում:
Forrights.am