1in.am-ը գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել է Լևոն Մ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 32-ամյա Լևոն Մ.-ն դեպքից օրեր առաջ սիրահետել է հեռու բարեկամի կնոջը: Վերջինս Լևոնի արարքների մասին հայտնել է ամուսնուն՝ Միշային (անունը փոխված է): Միշա Թ.-ն զանգել է Լևոնին, իր վրդովմունքն է արտահայտել և հայհոյանքներ է հնչեցրել Լևոնի հասցեին:
Այդ հայհոյանքների համար Միշային «պատժելու նպատակով» Լևոն Մ.-ն 2018 թվականի նոյեմբերի 19-ին, առավոտյան ժամը 8-ն անց 30-ի սահմաններում տեսնելով մեքենայով անցնող Միշային՝ կանգնեցրել է նրա մեքենան, բացել է դուռը, ոտքով հարվածել է նրա դեմքին, ապա բռունցքով ևս երեք հարված է հասցրել նրա դեմքին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Լևոն Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:
Դատարանում Լևոն Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, թե դեպքի օրը փողոցում պատահաբար տեսել է տուժողի մեքենան, ձեռքով կանգնեցրել է, մոտեցել, բացել է մեքենայի առջևի աջ դուռը և Միշային առաջարկել է դուրս գալ ու խոսել, բայց լսելով նրա մերժումը՝ հայհոյել է նրան ու ոտքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, հետո բռունցքով մի քանի անգամ խփել է նրա գլխին՝ դեմքի, ծնոտի շրջանում:
Միշան իջել է մեքենայից, իրենց միջև քաշքշուկ է առաջացել: Միշան միայն քաշքշել է իր հագուստից, նա իրեն չի հասցրել հարվածել, միայն ինքն է խփել…
Լևոն Մ.-ն նշել է, թե Միշային հարվածներ հասցնելու պատճառն այն էր, որ նա իր հետ հեռախոսով խոսելիս հայհոյել էր իրեն, ինքն էլ նրան պատժելու համար ծեծել է…
Գործով տուժող Միշա Թ.-ն հայտնել է, թե Լևոն Մ.-ն, լինելով իր հեռու բարեկամը, հաճախ անհանգստացրել է իր կնոջը: Դեպքից օրեր առաջ կինն իրեն հայտնել է, որ աշխատանքից տուն վերադառնալիս Լևոնը կտրել է ճանապարհը ու սպառնացել է, թե կփախցնի: Ինքը զայրացել ու զանգել է Լևոնին, պահանջել է, որ նա հեռու մնա իր կնոջից: Խոսակցության ժամանակ հնչեցվել են հայհոյանքներ:
Դրանից օրեր անց՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ին, առավոտյան ժամը 8-ն անց 30-ի սահմաններում իր անձնական օգտագործման մեքենայով ինքն անցնում էր փողոցով, երբ նկատել է ոտքով քայլող Լևոն Մ.-ին: Նա իր մեքենան տեսնելով՝ ձեռքով կանգնեցրել է: Երբ մեքենան կանգնել է, Լևոնը մոտեցել, բացել է մեքենայի աջ դուռը ու անմիջապես ոտքով հարվածել է իր դեմքին: Ինքը ցանկացել է դուրս գալ մեքենայից, այդ ընթացքում Լևոնը պտտվել է դեպի վարորդի դուռը, բռունցքով առնվազն երեք հարված է հասցրել իր դեմքին: Մոտակայքում գտնվող մարդիկ ամոթանք են տվել, նա դադարեցրել է հարվածներն ու հեռացել է:
Տուժողը նշել է, թե չի ցանկանում հաշտվել ամբաստանյալի հետ:
Քանի որ սա մասնավոր մեղադրանքի գործ է, ապա տուժողի չհաշտվելու դեպքում մեղադրյալը քրեական հետապնդման է ենթարկվում:
Տուժողի կինը հայտնել է, թե Լևոն Մ.-ին ճանաչում է շուրջ երեք տարի՝ որպես ամուսնու հեռավոր բարեկամի: Վերջին շրջանում նա հաճախ անհանգստացրել է իրեն՝ տարբեր պատճառաբանություններով զանգահարել է իրեն, փողոցում տեսնելով՝ մոտեցել է: Ինքը միշտ խուսափում էր նրա հետ շփումից, բազմիցս հորդորել է, որ նա իրեն չանհանգստացնի: Բայց նա ուշադրություն չի դարձրել, շարունակել է նույն վարքագիծը դրսևորել:
Դեպքից օրեր առաջ ինքն աշխատանքից տուն էր վերադառնում, երբ իրենց շենքի մոտ տեսել է Լևոնին: Փորձել է արագացնել քայլերը, բայց Լևոնը վազելով հասել է իրեն ու ասել է՝ էս արդեն չե՞ս վախում, մենակ ես դուրսուներս անում, տես հա, կփախցնեմ…
Ինքը կատարվածի մասին հաջորդ օրը հայտնել է ամուսնուն: Միշան զանգել է Լևոնին, զայրացած խոսել է հետը:
Դեպքի օրը ամուսինը վաղ առավոտյան իրեն տարել է աշխատանքի: Հետո ինքը զանգել է դստերը և իմացել է, որ ամուսինը տուն է գնացել դեմքը արյունոտ: Անմիջապես զանգել է ամուսնուն, նա պատմել է, որ Լևոնը կանգնեցրել է մեքենան ու ծեծել է իրեն՝ հարվածներ է հասցրել դեմքին:
Երբ ինքը աշխատանքից տուն է գնացել, տեսել է, որ ամուսնու վերին շրթունքի ձախ մասում կարեր են դրված, ձախ աչքի շրջանը կապտած է, ճակատը՝ վիրակապված:
Տուժողի հետ առերես հարցաքննության ժամանակ Լևոն Մ.-ն ընդունել է, որ ինքն է հարվածներ հասցրել նրա դեմքին՝ մեկ անգամ՝ ոտքով ու մի 10 անգամ՝ բռունցքով…
Դատարանը հաշվի առել, որ Լևոն Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, նրա խնամքին են վատառողջ մայրն ու երեք անչափահաս երեխաները՝ 10, 9 և 3 տարեկան…
Լևոն Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով ու դատապարտվել է տուգանքի՝ 100 հազար դրամի չափով: Լևոն Մ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 8 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննության արժեքի հատուցում: