Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորանքի մեջ ասված է.
«Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ժողովրդի բարեկամներին, Սուրբ Զատիկը նշող բոլոր քրիստոնյաներին, այս օրերին Հայաստանում գտնվող հյուրերին:
Այս օրը քրիստոնյա աշխարհի կողմից նշվում է առանձնահատուկ հանդիսավորությամբ և սիրով, առավել ևս մեր ժողովրդի պարագայում: Որպես քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած երկիր՝ քրիստոնեական հավատն արդեն բազում դարեր խորն ու ամուր նստած է հայ հողի, հայ մարդու, մեր ինքնագիտակցության մեջ:
Իր նշանակությամբ և ընդգրկումով Սուրբ Հարության խորհուրդն ավելին է, քան եկեղեցական տոնը: Այն յուրովի է համախմբում մեզ, ոգևորում և զորացնում բոլորիս, վերածնում, նորոգում և ամրապնդում հավատը սեփական ուժերի հանդեպ, նոր հույսեր պարգևում վաղվա օրվա հանդեպ:
Այս տոնը նաև յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված, ավելի հեռատես, հաստատակամ, հանդուրժող, հատկապես որ աշխարհն այսօր լի է անկայուն և մտահոգիչ իրադարձություններով:
Մաղթում եմ, որ Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը լուսավորի ու նոր ավյունով լցնի մեզնից յուրաքանչյուրի սիրտը, մղի նոր ու բարի գործերի՝ հանուն Հայաստանի և մեր ժողովրդի:
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: