Search
Close this search box.

Փաշինյանի հակամենաշնորհային պայքարը և դրա արդյունքները. Գագիկ Համբարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ի երեկոյան facebook-յան օգտատերերի հարցերին պատասխանելիս` նախաբանով հանդես եկավ: Հաշվետվություն ներկայացրեց, թե ինչ է կատարել իր անցյալ տարվա խոստումներից: Հատուկ կուզենամ անդրադառնալ 8-րդ՝ մենաշնորհների դեմ պայքարելու մասին կետին:

Պարոն Փաշինյանը հայտարարեց, որ այդ կետն ամբողջությամբ կատարված է. չկա մենաշնորհ բենզինի, շաքարավազի և բանանի շուկաներում:

ՀՀԿ-ի կառավարման տարիներին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, օրինակ՝  Վրաստանում համապատասխան ապրաքների գների ցածր լինելը հայաստանյան շուկայի հետ բացատրում էր Հայաստանում մենաշնորհների առկայության պատճառով:

Ինքս, տնտեսագետ չլինելով, համաձայն եմ եղել պարոն Փաշինյանի հետ, քանի որ մենաշնորհի առկայությունը որևէ բնագավառում բերում է մրցակցության բացակայությանը, որի արդյունքում էլ մոնոպոլիստը համապատասխան ապրանքի գինը սահմանում էր ըստ իր ցանկության:

Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ շաքարավազի շուկայում «թագավորում» էր և ըստ պարոն Փաշինյանի կառավարության նիստում հրապարակած վերջին տվյալների, շարունակում է «թագավորել» (մինչև հիմա շուկայի 75 տոկոսը գնտվում նրա վերահսկողության տակ) Սամվել Ալեքսանյանը, բենզինի շուկայում՝ Բարսեղ Բեգլարյանը, իսկ բանանի շուկայում՝ Միհրան Պողոսյանը:

Հասարակության համար մենաշնորհների դեմ պայքարի գլխավոր շոշափելի արդյունքը համապատասխան ապրանքների գների նվազումը պետք է լիներ: Սակայն, բացի բանանից, որի գինը նվազեց 2018 թ-ի ամռանը և որը կրում էր սեզոնային բնույթ և կտրուկ բարձրացան 2018-19 թթ-ի սահմանագլխին, ինչպես նաև որոշ ժամանակով բենզինի գների նվազումը, որը կրկին բարձրացավ, մոնոպոլիստի գրպանի հաշվին գների նվազում տեղի չի ունեցել:

Ինձ համար` որպես ՀՀ քաղաքացի, մենաշնորհների դեմ պայքարի գլխավոր արդյունքը պետք է լիներ համապատասխան ապրանքների գների նվազումը, որը ոչ միայն տեղի չի ունեցել, այլև հետհեղափոխական շրջանում որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ընդհանրապես աճ են գրանցել:

Ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հիմա Գյումրիից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող վրացական Նինոծմինդայում շաքարավազը, կարագը, բենզինը, գյուղմթերքները և շատ այլ ապրանքներ բավական էժան են, քան Գյումրիում և, ընդհանարապես, Հայաստանում:

Ինձ և հազարավոր քաղաքացիների համար որևէ արժեք չունի մոնոպոլիաների դեմ պայքարի պարոն Փաշինյանի մատնանշած արդյունքները, եթե ես դա չեմ զգացել իմ գրպանի վրա: Պարոն վարչապետի «հակամենաշնորհային» հայտարարությունից կարելի է ենթադրել, որ մենաշնորհների դեմ պայքարը հիմնականում ավարտվել է, բայց հասարակությունը, ինչպես ես նշեցի, այն իր գրպանի վրա չի զգացել և չի էլ զգալու:

Հ.Գ. Որքան նկատում եմ, ներկայիս իշխանությունն ընդօրինակել է նախորդների «գիծը»՝ առանց կոնկրետ ապացույցների ինչ-որ թվերով խոսել ժողովրդի հետ՝ փորձելով վերջինիս ապացուցել, որ եթե նրանք դրականը չեն զգացել, ապա դա իշխանությունների խնդիրը չէ:

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL