Եթե «Իմ քայլը» որոշում է, որ կլինկերը պետք է չհարկվի, խնդիր չկա, բայց ժողովուրդը պետք է իմանա, որ պատասխանատուն ինքն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Եթե մեր ասածը չեն լսում, իրենց ցավը տանեմ, ուրեմն թող այդպես անեն: Ասենք մի 2 ամիս էլ աշխատեցինք, հետո սնանկացանք, հետո՞, ուրիշ: Եթե ասում են՝ կլինկերը տուրք չի վճարելու, մենք էլ կլինկեր կբերենք, թող ավելի էժան լինի»,-ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ առանց այդ էլ այսիր իրեն պատկանոց «Արարատցեմենտ» գործարանն աշխատում է տարեկան 3-4 ամիս:
Նա նշեց, որ հատուկ եկել է, որ այս հարցով ելույթ ունենա եւ բացատրի, որ եթե ցեմենտի հումք հանդիսացող ներկրվող կլինկերի վրա տուրք չդրվի, իրենք իրանական ցեմենտի մրցակցությանը չեն դիմանա:
«Հիմնական խնդիրը, որ ես հիմա հարց կասեմ եւ եթե որեւիցե մեկը մասնագիտորեն կարող է առարկել, ես ասեմ՝ դուք ճիշտ եք: հարցը պետք է ճիշտ ներկայացվի, չկա իմ ու քոնը: Եթե հարցի պատասխանը կտան, կասենք դուք ճիշտ եք, մենք սխալ: Իսկ եթե մենք ենք տալիս, թող բարի լինեն հարցի պատասխանը տան:
Էս մթնոլորտում մեկը մեկին վիրավորում է, խի՞ եք վիրավորում, ձեր ցավը տանեմ: մենք որեւէ մեկին թույլ չենք տվել որեւէ մեկին վիրավորել: Բայց եթե մեզ կպնեն, իհարկե կվիրավորենք:
Եթե որեւէ մեկը կապացուցի, որ սա տնտեսական հեղափոխության ծրագիր է, մենք կողմ կքվեարկենք: Եթե որեւէ մեկը ցանկանում է իմ հետ վիճի, ասի՝ դու ճիշտ չես, ես գրեմ, ստորագրեմ: Այդպես չի կարա լինի:
Հիմաս խորհրդարանում ցեմենտի մասնագետ կա՞. ասում են՝ էժան ցեմենտ լինի, շինարարությունը զարգանա: Ես էլ եմ դրան կողմնակից, ձեր ցավը տանեմ»,-ասաց նա:
Ծառուկյանը խորհուրդ տվեց գնալ Հրազդանի ցեմենտի գործարան եւ տեսնել, որ ինքնարժեքը չեն կարող ավելի շատ էժանացնել. «Գնացեք տեսեք, «Հրազդանի» գործարանը կարողանո՞ւմ է ինքնարժեքն էժանացնել: Ինքնարժեքն այն ժամանակ կլինի էժան, եթե գազի եւ հոսանքի դոտացիա տան»: