ԱԱԾ-ը հաղորդագրություն տարածեց՝ մեղադրանք է առաջադրվել Դավիթ Սանասարյանին:
Մինչ այդ երկու անգամ խոսեց Դավիթը՝ առաջին անգամ նշեց, որ ձերբակալված ՊՎԾ աշխատակիցները ամենափայլուն, անփոխարինելի և ազնիվ աշխատողներն են և կոչ արեց ԱԱԾ-ին օբյեկտիվ քննություն կատարել:
Որոշ ժամանակ անց ամենափայլուն, անփոխարինելի և ազնիվ աշխատողը ցուցմունք տվեց Դավիթ Սանասարյանի դեմ:
Դավիթը կրկին խոսեց, արդեն կասկածյալի կարգավիճակով և դե ֆակտո մեղադրեց ԱԱԾ-ին կոռուպցիոն ուժերի պատվերը կատարելու և իր պես ազնիվ անձին չեղոքացնելու մեջ:
ԱԱԾ-ի պատասխանը չուշացավ՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց:
Դավիթի քրեական մեղքը չեմ քննարկում, հարգելով անմեղության կանխավարկածը, բայց կխոսեմ նրա բարոյական մեղքի մասին:
Ադյան եղբայրներին պատասխանատու պաշտոնի նշանակել է Դավիթը:
Որպես իրեն հավատարիմ մարդիկ նրանց հռչակել է նույնպես ինքը:
Նրանց ձերբակալելուց հետո ԱԱԾ-ի գործողությունները կասկածի տակ դրել է նույնպես ինքը:
Այսօր ԱԱԾ–ին պատվեր կատարելու մեջ նույնպես մեղադրել է ինքը:
Ընդունեք, որ մեղադրել ԱԱԾ պետին կոռուպցիոն ուժերի պատվեր կատարելու մեջ, դա նույնն է, թե նման արարք մեղսագրես վարչապետին:
Ո՞րն է Դավիթ Սանասարյանի բարոյական մեղքը:
Նա լինելով հեղափոխության ակունքներում կանգնած մարդ, վայելելով վարչապետի անվերապահ վստահությունը և ստանձնելով պետական կարևորագույն պաշտոն՝ թույլ է տվել, որ ստեղծվի նման իրավիճակ:
Իրավիճակ, որը վարկաբեկում է հեղափոխությունը, կառավարությանը և հարված է վարչապետին թիկունքից:
Իսկ ամենակարևոր բարոյական մեղքը, դա այն է, որ նման իրավիճակի հնարավորության ստեղծումը հիասթափեցնում է ժողովրդին և խաղաքարտ է դառնում հակահեղափոխականների ձեռքին:
Նոր իշխանավորները պետք է ընկալեն և ընդունեն հետևյալը՝
Նախկինում ՀՀ վերնախավում կյանքը շախմատ էր… Սև ու սպիտակ…Թագավոր կար…Թագուհի կար…Սպա կար…նույնիսկ ձի…բոլորը քայլում էին կարգով և կանոնով և պաշտպանում էին թագավորին:
Հիմա նույն կյանքը շաշկի է դարձել` ամեն ինչ խառնվել է իրար:
Առաջ ես գնում՝ կուլ են տալիս…
Հետ ես մնում՝ կուլ են տալիս…
Տեղում ես մնում՝ Ֆուկ են անում…
Իսկ ինչ վերաբերվում է ազնիվ և անփոխարինելի պաշտոնյաներին կասեմ հետևյալը. «Մայրամուտը մահ չի բերում արեգակին, ձեր գնալով չի վերջանում պատմությունը»:
Արտակ Գալստյան