Որևիցե կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել, որովհետև ես ինքս սկզբունքորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ և հատկապես հեգնողներին ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքերով՝ տարբեր շրջանակներ փորձ են անում ստեղծել էմոցիոնալ իրավիճակ, որպեսզի ինքը դուրս գա վարչապետի դեմ, սակայն նրանց ցանկությունը չի իրականանա, քանի որ ինքը վստահում է վարչապետին և բացառում է, որ վարչապետը կարող է քաղաքական հետապնդման պատվեր տված լինել:
«Շատերի ոտքերը կարող է օրենքի շրջանակներում տրորվել և այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ սկզբունքային, մաքուր, գործարքների մեջ չմտած մարդ լինի: Ես չեմ ուզում իմ կասկածները հնչեցնել, երբ կտեսնեմ, որ սա համակարգային բնույթ ունի՝ կասեմ››,-ասաց Սանասարյանը:
Խոսելով իր պաշտոնից ազատման մասին, ՊՎԾ պետն ասաց. «Եթե վարչապետը որևիցե վայրկյան չվստահի ինձ, ես անձեռնմխելի չեմ, այդ պահից վարչապետը ինձ կազատի իմ զբաղեցրած պաշտոնից: Եթե ես չվստահեմ երկրի վարչապետին՝ ինքս դիմում կգրեմ ու դուրս կգամ: Բայց նման խնդիր չկա, կա իրավական պրոցես, որին հետևում ենք››:
Սանասարյանն ասաց նաև, որ ամփոփ տեղեկանքը ներկայացվել է դատախազություն և այս պահին նյութեր են հավաքում հետագա իրավական գնահատականի հետ կապված:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ «Գնումների մասին» օրենքը ամենահնարավոր ձևեպով խախտվել է և գնումներ արվել կոնկրետ կազմակերպությունների համար:
«Էստեղ որոշ շրջանակներ կան, որոնց ոտքերի կոշտուկները տրորվում են, նրանք էլ իրենց գործընթացն են իրականացնում»,-ասաց Սանասարյանը առանց նշելու, թե ինչ շրջանակների մասին է խոսքը: