Armdaily.am-ի տեղեկություններով Հայաստանի տարբեր քաղաքներում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները գրասենյակներ են բացում։ Մասնավորապես, նման գրասենյակներ են գործում Երևանում և Սյունիքում։
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Armdaily.am-ի հարցին, թե ինչ գրասենյակներ են դրանք՝ պատասխանեց, որ առաջին անգամ է լսում նման գրասենյակների մասին։
«Եթե ակնարկում եք, որ կուսակցաշինական գործունեությամբ ենք զբաղվում, ապա նման բան չկա։ Այս պահին կուսակցաշինական գործությամբ չենք զբաղվում։ Ինչ վերաբերում է այդ գրասենյակներին, ապա դրանք աջակցող խմբերի գրասենյակներ են։ Նման խմբեր կան կան և օֆլայն, և օնլայն։ Բայց դրանք մեզ հետ որևէ առնչություն չունեն։ Դա մեր գրասենյակը կամ Ռոբերտ Քոչարյանը չի անում։ Ես այդ գրասենյակների հետ այնքանով կապ ունեմ, որքանով կարող եմ ճանաչել այդ մարդկանց, բայց ինքս չեմ մասնակցում այդ գրասենյակների հիմնման և կազմակերպման աշխատանքներին»,-ասաց Սողոմոնյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչ են անում և ինչով են զբաղվում այդ գրասենյակներում՝ նա նշեց, որ ինքը երբևէ նման գրասենյաակում չի եղել։ «Այս ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ անձանց, ովքեր աջակցում են Ռոբերտ Քոչարյանին, հասկանում են, որ ինքը ապօրինի է կալանքի տակ և ամաչում են, որ ինքը բանտում են։ Բազմաթիվ էսպիսի մարդիկ կան, մի մասը իրար ճանաչում են, մի մասը՝ ոչ։ Նրանք ինձ էլ են զանգում, խոսում են, այսինքն հասարակական գործունեությանը պատրաստ և ակտիվ մարդիկ են, որոնք իրենց դիրքորոշում ունեն, ինչի համար ես իրենց շնորհակալ եմ։ Բայց իրենց կազմակերպական աշխատանքով ես չեմ զբաղվում»։
Սողոմոնյանը նշեց, որ մարզերում նման գրասենյակների մասին տեղեկություններ չունի, բյաց տեղյակ է, որ Երևանում կան նման գրասենյակներ և շփվում է նրանց հետ։ «Այո, տեղյակ եմ այդ գրասենյակներից, բայց վերագրել, որ դա ես կամ Քոչարյանն է բացում՝ ճիշտ չէ։ Ես լսել եմ 2-3 նման գրասենյակի մասին»,-նշեց նա։ Ինչ վերաբերում է Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը՝ Սողոմոնայնն ասաց, որ այդ հայտարարությունից հետո նախագահին առանց հիմքերի ձերբակալել են։ «Պարզ է, որ այս շինծու գործով նրան կալանքի տակ պահելու իմաստը քաղաքական կյանքից նրան ֆիզիկապես մեկուսացնելն է»,-ընդգծեց նա։