«Այն մարդիկ, ովքեր հայտարարում են, թե թող էդ 1000 աշխատատեղն էլ փակվի, կյանքում ինչ-որ մեկին օգնած կա՞ն: Ես երեկ հանդիպել եմ իմ ժողովրդի հետ, որոնց աչքերում փայլ չկար: Մարդիկ վարկերի տակ են ու արդեն 4 օր ա փողոցում կանգնած են, էնտեղ են քնել»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Արարատցեմենտ»-ի աշխատակիցների բողոքի ակցիային՝ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ ինքը հանդիպել է աշխատակիցներիր հետ և նշել, որ առաջացած խնդիրն իր մեղքով չի եղել. «Այսօր իրենց ներկայացուցիչը կգա էստեղ, ամեն ինչ կանենք, որ նրանց օգնենք»:
Հարցին՝ թե իրեն պատկանող հիմնարկներում իրականացվող ստուգներում արդյոք քաղաքական դրդապատճառներ տեսնում է, Ծառուկյանը նշեց.
«Բոլորը պետք է ստուգվեն, օրենքի համար բոլորը հավասար են: Ես ասել եմ՝ առաջինն ինձ ստուգեք, բայց ստուգելուն էլ ձև կա: Ստուգումները կավարտվեն, Ծառուկյանը բոլորին կկանչի և դոկումենտալ հարց-պատասխան կլինի: Ստուգում են՝ թող ստուգեն: Էն ժամանակ ստուգում էին առավոտից երեկո, հիմա էլ են դա անում: Ասում՝ բողոք կա. գրում են այդ բողոքը, հետո գալիս ստուգման»:
Ծառուկյանը նաև նշեց, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի մոտ հավաքվել են և խորհրդակցել, թե ում շահերը պետք է պաշտպանեն։ Պատգամավորը նաև նկատեց, որ Թունյանը պարտավոր էր ցեմենտի գործարանների աշխատակիցների հետ քննարկումներ անել.
«Կառավարությունն այսօր որոշում ա կայացնում, մենք էլ որոշման համաձայն ցեմենտ չենք արտադրում, կլինկեր ենք բերում: Եթե իրենց այդպես ավելի ձեռնտու է, մենք էլ դա ենք անում: Մենք հակառակ օրենքի ոչ մի բան չենք անում»:
Լրագրողի դիտարկմանը, թե Թունյանն իր հետ հանդիպման գնացել է, Ծառուկյանը բորբոքվեց.«Ինքն իմ հետ հանդիպման չի կարա գա, թող գնա գործարան, իրեն էնտեղ սպասում են: Թող գնար մասնագիտորեն ծանոթանար գործին, որ իմանար ցեմենտն ինչ ա, կլինկերն ինչ ա, որ խնդիրը կարգավորվեր»:
Ծառուկյանը բողոքեց նաև, որ ներդրումներ չեն արվում գյուղատնտեսության ոլորտում և անմշակ հողերն ավելի են շատանում. «Մինչև էսօր ոչ պարարտանյութ, ոչ սիլիտրա, ոչ վառելիք են բաժանել»: