Search
Close this search box.

Կառավարության որոշմամբ ՊՆ «Բերդի զինվորական հոսպիտալ» է ստեղծվում

ՀՀ կառավարության այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում որոշում կայացվեց ստեղծել Հայաստանի ՊՆ «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկը՝ հոսպիտալը:

ՀՀ կառավարության այս որոշմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ նոր հաստիքներ չեն ստեղծվում և հոսպիտալը ձևավորվում է ՀՀ ՊՆ գործող առանձին բժշկական ջոկատի (զորամասի) բազայի վրա` ջոկատի պահպանման ծախսերի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Հոսպիտալի գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների և քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը, ինչպես նաև բնակչության հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության հասանելիության ապահովելն է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության գործունեությունն ուղղված է զինծառայողների առողջության պահպանմանը և ամրապնդմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը, բուժմանն ու բժշկական վերականգնմանը, բուժաշխատողների պատրաստմանը և վերապատրաստմանը, առողջության պահպանման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ներդրմանն, ինչը մեծ հաշվով պետք է համապատասխանի լիազոր մարմնի սահմանած բժշկական օգնության և սպասարկման որակի չափորոշիչներին:

Այս համատեքստում կարևորվում է հոսպիտալի ստեղծումը, որը պետք է իրականացնի մասնագիտացված բժշկական օգնություն, ինչ իրենից ներկայացնում է ախտորոշման և բուժման հատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը նախատեսում է բժշկական միջոցառումների համալիր կիրառում` ախտորոշում, բուժում, անմիջական բժշկական հսկողություն, ինչպես նաև ռազմաբժշկական փորձաքննություն:

Ակնկալվում է, որ հոսպիտալի ստեղծմամբ հնարավոր կլինի ապահովել հիվանդանոցային արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, ֆիզիոթերապիան, բուժական մարմնամարզությունը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, ինչպես նաև հիվանդների սննդով պարտադիր ապահովումը:

Please enter a valid URL