«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ՀՔԾ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր հայրը տան հետ կապված առքուվաճառքի պայմանագիրը լուծարելու համար դիմել է դատարան, սակայն հայցն առաջին ատյանում մերժվել է:
Ա. Ս.-ն հայտնել է, որ իր հոր ծանոթը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Ա. Ա.-ն, 2014 թ. ամռանը խնդիրը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի մի դատավորի և վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց իրենց օգտին վճիռ կայացնելու վերաբերյալ: Ապա հայրը՝ որպես կաշառք, դատավորին փոխանցելու նպատակով Ա. Ա.-ին է տվել 10 հազար դոլար գումար, որից, ինչպես հետագայում պարզվել է, Ա. Ա.-ն 3 հազարն իրեն է վերցրել, մնացած 7 հազարը փոխանցել է դատավորին:
Մենք տեղեկացանք, որ կաշառք վերցրած դատավորը վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանն է: Դատական համակարգում զարմացած են այս պատմությունից, քանի որ այստեղ «մեծ կալիբրի գործեր չեն քննվում, մանր-մունր բաներ են, որոնց հանգուցալուծման համար էլ մեծ գումարներ չեն տա»:
Արգիշտի Ղազարյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է, աշխատել է դատարանում՝ որպես քարտուղար, դատավորի օգնական: Ապա փաստաբան է եղել, աշխատել է ՀԷՑ-ում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ-իրավաբանական վարչության պետ: Իսկ 2008-ից վարչական դատարանի դատավոր է: Նրա կինը՝ Աստղիկ Մազմանյանը, նոտար է աշխատում Շենգավիթում: Վերջինիս քույրն էլ դատավոր Գայանե Մազմանյանն է՝ Կենտրոնի դատարանում»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: