Հայաստանն աղքատ պետություն է ու դրա համար Հայաստանում հարուստներին չեն սիրում: Հարուստներին չի սիրում հասարակությունը, որովհետև աղքատ հասարակությունը մտածում է, թե ինչու պետք է մեկ կամ մի խումբ մարդիկ հարուստ լինեն, իսկ իրենք՝ աղքատ:
Աղքատները համոզված են, որ հարուստները տիրացել են իրենց հասանելիք ունեցվածքին: Հարուստներին չի սիրում նաև իշխանությունը, որովհետև աղքատները փող չունեն, որ մուծվեն պետական գանձարանին, և դրա համար իշխանությունների աչքը միշտ հարուստների ունեցվածքի վրա է:
Պետությունն էլ համոզված է, որ հարուստների ունեցվածքի մի մասը, եթե ոչ զգալի մասը պետությունից թաքցված հարկերն են և դրանք պետք է վերադարձնել պետբյուջե: Չինովնիկները մի այնպիսի խավ են, որ կյանքում ոչինչ չեն ստեղծում, բայց վայելում են այլոց ստեղծածը, և հարուստներին նայում են որպես եկամտի աղբյուր: Բայց պետությունն այդպես աղքատ կմնա, իսկ հասարակությունն ու չինովնիկները ընչաքաղց ու անկուշտ, քանի դեռ չեն գիտակցել, որ չի կարելի գործարարներից պետության թշնամու կերպար սարքել ու բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել նրա վրա, նրանց էլ հավասարեցնելով աղքատներին:
Հիմա ընդհանուրից անցնենք մասնավորին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գրեթե մեկ տարեկան է: Այդ մեկ տարվա ընթացքում այդ իշխանությունը ոչինչ չի արել, ոչ մի քիչ թե շատ նշանակալի ձեռքբերում չունի: Եթե որևէ մեկն ուզենա ցույց տալ, թե այդ մեկ տարվա ընթացքում Հայաստանում ինչ կարևոր ներդրում է կատարվել, ինչ նոր արտադրություն է բացվել, ինչ նոր արժեք է ստեղծվել՝ չի կարող: Հայաստանում ոչինչ չի ստեղծվում և չի էլ կարող ստեղծվել:
Իսկ քանի որ նորերը ոչինչ չեն կարող և ի վիճակի չեն ստեղծելու, նրանց մնում է մի բան` վերաբաժանել նախկինում ստեղծվածը: Այս մեկ տարվա ընթացքում իշխանությունները մի քանի զինված ասպատակություն են կազմակերպել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների վրա: Իշխանության այսպես ասած զինված հրոսակախմբերը՝ մեկ ՊԵԿ-ի, մեկ ոստիկանության կամ այլ պետական հաստատության անվան տակ, հարձակվում են «Առինջ մոլի», Ծառուկյանին պատկանող գազալցակայանների կամ ցեմենտի գործարանի վրա: Սրանց նպատակը ստուգումները չեն, ոչ էլ ստուգումների միջոցով օրինականության պահպանումը: Այս մարդիկ ուղղակի սոված են, և ինչպես սոված մորեխների հոտն է հարձակվում ցորենի արտերի վրա՝ իր հետևից թողնելով անապատացած դաշտեր, սրանք էլ իրենց իշխանության ուժով ուզում են հարստություն ձեռք բերել՝ տիրանալով ուրիշի ունեցվածքին:
Հարստանալու մոլուցքը պայմանավորված է նաև ինքնապահպանման բնազդով: Նոր իշխանությունները հասկանում են, որ եթե իրենք չունեն ֆինանսական լծակներ, որ եթե իրենք չեն վերհսկում երկրի ֆինանսական հոսքերը, ապա շատ արագ կարող են կորցնել իրենց ունեցած իշխանությունը: Որովհետև հասարակությանը կարելի է իշխել կամ հեղինակության միջոցով, կամ փողի իշխանությամբ, ինչպես նախկին իշխանությունը: Նոր իշխանությունը կորցնում է հեղինակությունը և դրա փոխարեն ուզում է ձեռք բերել ֆինանսական լծակներ:
Ծառուկյանի ունեցվածքի վրա հարձակվել են նաև նախորդ իշխանությունները, սակայն նրան հաջողվել է դիմադրել ու ինչ որ իմաստով հաղթող դուրս գալ, հիմա նա ընդունել է նորերի նետած մարտահրավերը և կարելի է հույս ունենալ, որ նրան կհաջողվի հաղթահարել այս հարձակումը ևս: