Search
Close this search box.

«Չի եղել հրահանգավորված որևէ ճնշում»․ գլխավոր դատախազ

«Մենք այսօր անհատական դեպքերով այնպիսի իրավիճակներ ենք ունենում, որ նախկինում չէինք էլ կարող պատկերացնել, որ որևէ մեկն իր կոլեկտիվում անհանդուրժելի երևույթի մասին ուղղակի կարող է բարձրաձայնել։ Ես որպես գլխավոր դատախազ, այս հանգամանքը շատ կարևորում եմ և շահագրգիռ եմ, որ պատմական այս հնարավորությունը մենք որևէ կերպ բաց չթողնենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով հետհեղափոխական ձեռքբերումների մասին, ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Անդրադառնալով Միհրան Պողոսյանին առաջադրված նոր մեղադրանքին, նշել է․ «Վերջերս հրապարակվեց նրա նոր մեղադրանքի շրջանակը․ եթե նկատեցիք՝ մենք այնտեղ ունեինք հանցագործության դրվագներ, որոնք նախկինում հարուցված քրեական գործի շրջանակներում չէին եղել։ Այսինքն՝ ի՞նչ տեղի ունեցավ․ ունեցանք նոր հանգամանքներ, նոր տեղեկություններ, դրանցով հարուցվեց քրեական գործ և այդ քրեական գործի քննության ընթացքում ձեռք բերվեցին նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք առիթ հանդիսացան, որպեսզի ես դրանց հիման վրա վերացնեմ նախկինում կայացրած որոշումները։ Չի եղել հրահանգավորված որևէ ճնշում, այլ այսօրվա որոշումները կայացել են բացառապես փաստական տվյալներուվ»,- ասաց դատախազը։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Please enter a valid URL