«Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ են անում: Օրեր առաջ նրանք ծանուցագրեր են ստացել, որ երկու ամսից գործարանը փակվում է ու մի քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ են դառնալու:
Օրերս «Արարատցեմենտ»-ի աշխատակիցը բաց նամակով դիմել էր Գագիկ Ծառուկյանին.
Հարգելի պարոն Ծառուկյան, դիմում եմ որպես Արարատ ցեմենտի աշխատակից` ակնկալիքով, որ չեք մերժի և մեզ հետ միասին կգաք Արարատ ցեմենտ, կփորձենք դուրս գալ այս ցավոտ իրավիճակից ՝ մեզ սպասվում է աշխատանքից ազատում շուրջ 1150 հոգու։
Ընդհամենը երեքից հինգ կիլոմետրանոց քաղաքի համար, որի բնակչութկան ապրուստի միջոցը Արարատ ցեմենտն է և եթե 1150 մարդ հայտնվի դրսում և անգործ՝ սա կլինի նոր չարիքի սկիզբ։
Համոզված եմ, որ կլինեն բողոքի ակցիաներ, կլինեն դժգոհություններ և ավելի բարդ իրավիճակ։
Հավատալով և վստահելով Ձեզ` խնդրում եմ հանդիպում Ձեր աշխատողների, այսինքն մեր հետ, հնարավորինս սեղմ ժամկետում։ Ես համոզված եմ, որ մենք մենակ չենք մեր խնդիրների հետ և մեր հոգսերի հետ։
Այս օրհասական ժամանակաշրջանում, երբ շատ բարդ իրավիճակ է և երկրում, և մարդկանց հոգիներում մեզ ՝ արարատցիներիս մի թողեք մենակ` մեր ցավի հետ։ Արարատ քաղաքում յուրաքանչյուր երկրորդ ընտանիքում կա չարորակ կամ բարորակ ուռուցքով հիվանդ և ամբողջ քաղաքը, նորից եմ շեշտում, վարկերի տակ է ՝ ուստի այդ աշխատավարձը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի, բայց առաջնայինը կա և մնում է մեր արժանապատվությունը՝ մենք պայքարող տեսակ ենք ու ոչ մի բանվոր և ոչ մի արարատցի անգործ չի մնալու՝ հուսով եմ դուք նույն կարծիքին եք։
Հայաստանի երկու՝ Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները կանգնած են լուծարման եզրին: Պատճառը իրանական անհամեմատ ավելի էժան ցեմենտն է, որի հետ գնային առումով հնարավոր չէ մրցակցել: Խնդիրը եղել է նաև նախկինում, բայց հիմա ավելի սրված է: Եթե այս գործարանները դադարեցնեն իրենց գործունեությունը, առանց աշխատանքի կմնան մի քանի հազար աշխատողներ: Բացի այդ, Հայաստանը կզրկվի այնպիսի ռազմավարական արտադրանք թողարկելու հնարավորությունից, ինչպիսին ցեմենտն է:
Ցեմենտի գնի հարցը օրերս քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որի ընթացքում ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանը, պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությանը, ասաց, որ որևէ աշխատատեղ կրճատում չպետք է թույլ տալ, ապա հարց հնչեցրեց՝ նա որևէ աշխատատեղ ստեղծե՞լ է, որ առաջարկում է աշխատատեղեր կրճատել: