Ռուսաստանում մեկնարկող «Բանակ 2017» խորագրով գագաթաժողով-ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվելու են C-500 և Антей-400 նորագույն զենիթահրթիռային համակարգերը, որոնց հավանական գնորդների ցուցակում փորձագետները նշում են նաև Ադրբեջանը։
«Իզվեստիա» թերթը, հղում կատարելով ռազմական հարցերով փորձագետներին, գրում է, որ այս նորագույն համակարգերը մեծ հետաքրքրություն կառաջացնեն մի շարք պոտենցիալ գնորդների մոտ։
Մեջբերելով Անդրեյ Ֆրոլովին՝ թերթը գրում է, որ հնարավոր գնորդների ցուցակը բավականին մեծ է՝ Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ, Ալժիր, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքիա, Եգիպտոս, Իրան, Իրաք, Քուվեյթ, Քաթար։
Ընդ որում, պոտենցիալ գնորդներին C-500-ը և Антей-400-ը ներկայացվելու են փակ ցուցադրությամբ։
«Հայտնի է նաև, որ C-500-ը կարող է խոցել հայտնի թիրախներից գրեթե բոլորը, այդ թվում՝ նաև ամերիկյան թռչող սարքերը», — գրում է «Իզվեստիան»։
«Ռուսական բանակն այս համակարգը կստանա 2019-ին», — ասել է Алмаз-Антей կոնցեռնի ղեկավար Ալեքսանդր Վեդրովը՝ չբացահայտելով այլ մանրամասներ այս գաղտնի պահվող սպառազինության վերաբերյալ։
Ռազմական ակադեմիայի պրոֆեսոր Վադիմ Կոզյուլինը, մասնավորապես, գրում է, որ այդ համակարգերը կարող են խոցել թռչող օբյեկտներ ինչպես օդում մեծ հեռավարության վրա, այնպես էլ տիեզերքում։
C-500-ից շատ քիչ բան է հայտնի, թերևս միայն այն, որ դա C-400 զենիթահրթիռային համակարգի նորացված տարբերակն է։ Նոր համակարգի համար հատուկ ստեղծվել են նաև նոր հրթիռներ: «Էսպորտ վոորուժենիա» ամսագրի փորձագետ Անդրեյ Ֆրոլովի կարծիքով, առաջին գնորդը հավանաբար կլինի Հնդկաստանը, որի հետ Ռուսաստանն ունի համապատասխան պայմանագիր։
Ավելի վաղ Սիրիայում Ռուսաստանն արդեն օգտագործել է C-300 և C-400 համակարգերը՝ օդային հարձակումների համար անխոցելի դարձնելով Ասադի կողմից կառավարվող շրջանները։
Հիշեցնեմ, ավելի վաղ՝ հուլիսին, «Բլումբերգ» գործակալությունը, հղում անելով թուրքական բարձրաստիճան իր աղբյուրներին, գրել էր, թե Թուրքիան համաձայնել է 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար վճարել ռուսական հակաօդային պաշտպանության C-400 համակարգեր ձեռք բերելու համար: Գործարքով նախատեսված է Անկարային երկու C-400 համակարգերի տրամադրում, ևս երկուսի արտադրության կազմակերպում հենց Թուրքիայում։ Այսինքն, ըստ «Բլումբերգի», խոսքը ոչ միայն այդ համակարգերը, այլև դրանց պատրաստման տեխնոլոգիան ձեռք բերելու մասին է: Իսկ C-500 համակարգի պոտենցիալ գնորդների ցուցակում են նշված են և՛ Բաքուն, և՛ Անկարան: