Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից առերեւույթ հափշտակված գումարի չափն ԱԱԾ-ն այդպես էլ չի հստակեցնում։
Բանն այն է, որ փետրվարի 19-ին վարչապետի աշխատակազմից «Սիվիլնեթ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել էին, որ Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18.5 մլն դոլար։ Իսկ փետրվարի 29-ին, ԱԱԾ մամուլի կենտրոնից «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել էին, որ նվիրատվության չափը 19.6 մլն ԱՄՆ դոլար է։ Ավելի ուշ՝ մարտի 22-ին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել էր. «Տեղեկություններ են տարածվում, թե որոշ անձինք պետությանը նվիրում են գումարներ։ Դա այդպես չէ, նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները»։
Ալեքսանդր Սարգսյանի քրգործի վերաբերյալ հստակ տեղեկություններ ստանալու համար «Փաստինֆո»-ն դիմել էր ԱԱԾ՝ պարզելու, թե որքան է կազմում Ա. Սարգսյանի կողմից առերեւույթ խարդախությամբ հափշտակված գումարը, խարդախությամբ գումարը պատճառվել է պետությանը թե քաղաքացիական անձին, կա արդյոք քրեական գործով տուժող ճանաչված անձ, պատճառված վնասից որքանն է փոխհատուցվել, ինչ եղանակով է խարդախությունն իրականացվել, կան արդյոք այլ հանցակիցներ, որոնց եւս մեղադրանք է առաջադրվել։ Խնդրել էինք նաեւ նշել, թե Ա. Սարգսյանի կողմից առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քանի քրգործ է քննվում ԱԱԾ-ում։
ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի ստորագրությամբ ստացված գրավոր պատասխանում վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը՝ հրաժարվել էին պատասխանել նշված հարցերին. «Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 34-րդ եւ 66-րդ հոդվածները, ինչպես նաեւ ՀՀ քրդատօրենսգրքի 18-րդ հոդվածի պահանջները եւ ղեկավարվելով նույն օրենսգքրի 201-րդ հոդվածով, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ անմեղության կանխավարկածի եւ նախաքննության գաղտնիության սկզբունքների պահանջները պահպանելու, ինչպես նաեւ քննության հետագա բնականոն ընթացքը չվտանգելու տակտիկական նկատառումներից ելնելով՝ Ձեր հարցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չենք համարում»։
Ստացվում է՝ պետությանը գումար նվիրաբերելու մասին «հումանիստական» քայլի հանրայնացումը նախաքննական գաղտնիք չէ, իսկ պետությանը պատճառված վնասի չափի հրապարակումը կարող է խոչընդոտել քննությանը։ Իսկ գուցե պատճառն այն է, որ իրապես Ալեքսանդր Սարգսյանը քրեական գործով որեւէ փոխհատուցում չի կատարել, այլ «նվիրաբերել է»։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափի հափշտակությունը։ 2018թ.-ի հուլիսի 4-ին ԱԱԾ-ն շուրջ 9 ժամ խուզարկել էր Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել։ Դրանից հետո ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում նշվել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ: Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանին, նա դեռ անցած տարեվերջից ձերբակալվել էր Պրահայում և դեռևս Հայաստան չի արտահանձնվել:
Մարտի 6-ին նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին թույլատրվել էր անորոշ ժամանակով բացակայել Հայաստանի Հանրապետությունից։
Աղբյուր` Փաստինֆո