ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Որպես Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու, զարմանալիորեն ես շարունակում եմ ամեն օր նամակներ և ահա այսպիսի «դիտարժան» լուսանկարներ ստանալ Երևանը աղբաքաքաղի վերածվելու վերաբերյալ և կոչեր՝ փրկելու մեր քաղաքը:
Ի դեպ, ինձ այս նկարներն ուղարկող օգտատերերը նշում են, որ այս «աղբավանդալիզմը» Երևանի ամբողջ տարածքում է: Վիճակը, բնականաբար, աղետալի է և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունն իր հինգ ավագանիով փորձում է և կփորձի իր հնարավորությունների սահմաններում անել առավելագունը: Նորից եմ նշում՝ ձեր քվեով տված մեր սակավ հնարավորությունների սահմաններում։
Բայց, իմ շատ սիրելի հայրենակիցներ, եթե դեմ չեք, մի փոքր դիտարկում. այն, ինչ կատարվում է Երևանում, ես տեսնում եմ ամեն օր,բայց չգիտես ինչու, ինձ համառորեն թվում է, որ այս լուսանկարները դուք պետք է ուղարկեք ոչ թե ինձ և պահանջեք րոպե առաջ, օր առաջ լուծում գտնել ստեղծված աղետալի վիճակին, հատկապես, որ եղանակները տաքանում են և մեծ վտանգ կա համաճարակի, այլ մի փոքր այլ հասցեով պիտի ուղարկեք՝ Երևանի քաղաքապետարան:
Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, չնայած չեմ կարծում, որ որևէ մեկը դրա մասին մոռացել է, որ Երևանի ավագանու ընտրության ժամանակ մեր հպարտ հայրենակիցները ձայների 81 տոկոսով իրենց վստահությունը տվեցին Երևանի գործող քաղաքապետին: Այդուհանդերձ, ես որպես պատգամավոր և մեր ավագանիները, որպես Երևանի ավագանու ներկայացուցիչ, մեր լիազորությունների սահմաններում կանենք առավելագույնը։ Լիազորություն, որը ձեր ընտրությամբ սահմանափակել դուք։ Իսկ հարցի լուծման արժանապատիվ լուծումը ժամանակին «Բարգավաճ Հայաստան»-ը առաջարկում էր. կառուցել աղբի վերամշակման գործարան, որի պայմանագիրը միջազգային հեղինսկավոր գործընկերոջ հետ կնքված էր: Դուք մերժեցիք մաքուր եւ կանաչ մայրաքաղաք ունենալու մեր առաջարկը։
Այդուհանդերձ, մենք կրկին պատրաստ ենք համատեղ քննարկումների և Երևանն աղբի զոնա դառնալուց փրկելու լուծումներ գտնելու»։