Մի քանի կայքերում լուրեր տարածվեցին, թե «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը գրասենյակ է վարձակալել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող շենքում։ Այս լուրերը շահարկեցին նաև տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Արդյոք սա՞ է պատճառը, որ Հայաստանի թալանի մեջ ամենաշատ մեղադրվող Գագիկ Խաչատրյանը դեռևս ՀՀ ԱՆ որևէ քրեակատարողական հիմնարկում նստած չէ»։
ՔՊ-ն այս տեղեկությունը հերքեց՝ տեղեկացնելով, որ կուսակցությունը Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող գրասենյակը վարձակալել է 1 տարի ժամկետով՝ 01/03/2019թ․-01/03/2020թ․՝ տարածքի սեփականատեր ոմն Դավիթ Թադևոսյանից, և այն ամենևին էլ չի պատկանում Գագիկ Խաչատրյանին։ Ավելին, Գագիկ Խաչատրյանն այդ հասցեի շենքը խլել է հայտնի գործարար Համլետ Ամիրխանյանից, որը մի քանի տարի առաջ՝ 2015 թվականին ինքնասպանություն գործեց, գրում է Armtimes.com-ը:
Համլետ (Աբրամ) Ամիրխանյանի ինքնասպանությունը կապվում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ։ Նման բան կարծելու առիթ է հանդիսացել Ամիրխանյանի՝ ինքնասպանությունից առաջ գրված նամակը։
Այդ նամակում Աբրամ Ամիրխանյանը պատմել է, որ 2010 թվականին ինչ-որ «հրեշներից» վարկ է վերցրել, իսկ վարկատու հանդես է եկել ինչ-որ «Բրեդվել Լիմիթիդ»: Ամիրխանյանը գրավադրել է իր՝ Վարդանանց փողոցում 2200 մետր հողը՝ կառուցման իրավունքով, և Խանջյան 29 հասցեի շինությունը, և, ինչպես ինքն է գրել, ընկել է թակարդը։ Աբրամ Ամիրխանյանն իր նամակում, ըստ էության պատմել է, որ իրենից այդ «հրեշները» խլել են ամեն ինչ, իրենից գնել են Սայաթ-Նովա 40 հասցեի 5 հարկերը՝ շատ ցածր արժեքով, և այլն։ Ամիրխանյանի նամակը սկսվում է «Я попал под влиянием “Монстра”» նախադասությամբ, և վերջում գրում՝ «А теперь конкретное имя Монстра»՝ «Իսկ հիմա՝ «հրեշի» կոնրետ անունը. Խաչատրյան Արտյոմ Գագիկի»: (Արտյոմ Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի որդին է,-հեղ․):
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: