Այսօր՝ ապրիլի 12-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք բոլորը ներկայումս ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Արծվաշեն գյուղի նախկին բնակիչներ են, արդարացիորեն բարձրաձայնում ու պահանջում են, որպեսզի կառավարությունը վերջապես 30 տարվա մեջ առաջին անգամ ուշադրություն դարձնի իրենց պահանջներին ու խնդրանքներին.
«1992 թվականին Արծվաշենի անկումից հետո 4 կառավարություն է փոխվել և մեր՝ արծվաշենցիներիս արդար պահանջը ոչ ոչ չի կատարել։ Միշտ խաբել են ընտրությունից ընտրություն, որ արծվաշենցիների խնդիրը կքննարկեն, սպառիչ պատասխան կտան, մեզ՝ գյուղը կորցրածների համար գոնե չնչին նյութական օգնություն կտան, սակայն 30 տարի է, մեք ապրում ենք Ճամբարակի տարածքում ու մինչև էսօր մենք նույնիսկ չունենք սեփականաշնորհված հողեր։ Մեր արտոնությունները սահմանափակ են։
92 թվականին ներքին կարգով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ներքին հրամանով չեն թողել, որ արծվաշենցիները որևէ քաղաքում բնակություն հաստատեն, որպեսզի Ճամբարակի սահմանները չդատարկվեն։ Այսօր արծվաշենցին ունի սահմանին կանգնած մոտ 2 հազար զինվոր ու, ստացվում է, որ մեր զինվորն արժեք չունի պետության համար։
Այսօր, եթե որևէ մի վթար է լինում, կամ բնական աղետ, միլիոններ են տրամադրում, իսկ երբ 700-ից ավելի տնտեսություն ունեցող արծվաշենցուն է հասնում բանը, արդեն պետությունը դառնում է սնանկ ու ոչ մի լումայով չի կարողանում օգնել մեզ։ Այսօր մենք ողջ համայնքով ուզում ենք դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, որպես նախկին խորհրդային միության քաղաքացիներ, որպեսզի մեզ ապաստան տրամադրեն»։