ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարմիր տեռորի ու ֆաշիստների, կեղծ սիրո ու մտահոգիչ խաղաղասիրության, ինչպես նաև օտարերկրյա գործակալների մասին․ երեկ տեղի ունեցավ իրականության մանիպուլյատիվ և կամայական հերթական մեկնաբանությունը Փաշինյանի կողմից:
Հերթով՝
• Ասում է՝ սերը հաղթեց օլիգարխիային… Սիրո մասին… Այդ կեղծ սիրո ու սուտի համերաշխության քարոզիչները որտե՞ղ են տեսել՝ դագաղներով, սև ժապավեններով, տոտալ հայհոյանքներով և շանտաժով ու սպառնալիքով սեր: Հիշեցի բոլշևեիկներին, որոնք կարմիր տեռոր էին իրականացնում, ցարական ընտանիքին գնդակահարում էին և հայտարարում, թե դա արվում է հանուն Ռուսաստանի նկատմամբ սիրո: Փաշինյանը թող ինքն իրեն հարց տա՝ իսկ ո՞ւր են հիմա այդ բոլշևիկները: Օլիգարխներին մի վայրկյանում խոշոր սեփականատեր հռչակելով՝ Փաշինյանը ձևն է փոխում, ոչ թե բովանդակությունը: Եթե Փաշինյանը լավ նայի աջ ու ձախ կողմերը, կտեսնի, որ օլիգարխիան ոչ միայն կա, այլ նույնիսկ ծաղկում է իր հետ միասին:
• Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում հաստատվել է ժողովրդավարության հաղթանակ:
Այդ որտե՞ղ է տեսել ժողովրդավարություն, որտեղ ԱԱԾ-ով են վախեցնում, ասֆալտին պառկեցնում, քաղաքացիներին նվաստացնում, վզից բռնում, շինծու քրեական գործեր հարուցում:
Տեսե՞լ է… Ես էլ ճիշտն ասած… 20-րդ դարի 30-ականներին Գերմանիայում մի ստահակ կար՝ մարդկանց միլիոններով ոչնչանում էր և հայտարարում, թե իր շարժումը մաքուր քրիստոնեական է:
• Փաշինյանն ասում է՝ Ալիևի հետ ազնիվ և կառուցողական զրույց են ունեցել ու աջ ու ձախ շռայլում խաղաղասիրական խոսքեր:
Խաղաղասիրությունը լավ է, երբ դիմացինդ է խաղաղասեր: Հիշեցման կարգով ասեմ, որ 1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը Մյունխենում խաղաղասիրական պակտ կնքեց Մուսոլինիի և Հիտլերի հետ ու գլուխ էր գովում, թե խաղաղություն է բերել Մեծ Բրիտանիային: Ընդամենը 1 տարի անց Հիտլերն սկսեց 2-րդ աշխարհամարտը: Պատմությունից դասեր պետք է քաղել: Եթե չես քաղում, նա քեզ դաժանորեն պատժում է:
• Փաշինյանն Իրանում խոսեց օտարերկրյա գործակալների մասին: Սպասում էի, որ գործակալների անունները կհնչեցներ Ստրասբուրգից: Չհնչեցրեց. տեսնես վախեցավ, թե՞ անուններն է մոռացել»։