Search
Close this search box.

Միացյալ Նահանգները ժամանակավորապես դադարեցնում է վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին

Միացյալ Նահանգներն օգոստոսի 23-ից ժամանակավորապես դադարեցնում է վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին՝ ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելու՝ Կրեմլի որոշմանն ի պատասխան:

Ըստ հաղորդագրության, վիզաների տրամադրումը կվերասկսվի մեկ շաբաթից, սակայն, միայն Մոսկվայի դեսպանատանը, մինչդեռ այլ քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում գործող հյուպատոսություններում ծառայությունը չի գործի անորոշ ժամանակով:

Հուլիսին, ի պատասխան նախագահական ընտրություններին միջամտելու համար Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների, Կրեմլը պահանջել էր 755-ով կրճատել Ռուսաստանում գործող ամերիկացի դիվանագետների թիվը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հիշեցնեմ, հուլիսին հայտարարել էր, որ ամերիկացի դիվանագետների թիվը Ռուսաստանում պետք է լինի այնքան, ինչքան ռուսաստանցի դիվանագետների թիվը Միացյալ Նահանգներում․ յուրաքանչյուր կողմը պետք է ունենա չորս հարյուր հիսունհինգ դիվանագետ։

Խնդիրը, սակայն, այն է, որ Ռուսաստան այցելող ամերիկացիների թիվը զգալիորեն պակաս է Միացյալ Նահանգներ այցելել ցանկացող ռուսաստանցիներ թվից: Ռուսաստանցիները, մասնավորապես, սիրում են ձմեռային հանգիստը անցկացնել ԱՄՆ-ի Մայամի և Լաս Վեգաս քաղաքներում։

Դեսպանությունը հայտարարում է, որ դիվանագետների ներկայիս քանակը թույլ չի տալիս աշխատել նախկին ռեժիմով, և Մոկսվայից բացի մյուս քաղաքներում գործող հյուպատոսությունները կսպասարկեն միայն ԱՄՆ քաղաքացիներին։

Անցած տարեվերջին Վաշինգտոնը երկրից արտաքսել էր երեսունհինգ ռուսաստանցի դիվաագետների՝ ի պատասխան նախագահական ընտրություններին Կրեմլի միջամտության մասին հատուկ ծառայությունների հրապարակած տվյալների։ Այն ժամանակ Մոսկվան որոշեց չարտաքսել ամերիկացի դիվանագետներին, քան դեռ Դոնալդ Թրամփը չի ստանձնել պաշտոնը: Կրեմլը հույսեր ուներ, որ Թրամփի օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն։

Սոցիալական ցանցերի ռուսաստանցի օգտատերն այսօր գրում են, թե իրականում այս իրավիճակից տուժում են շարքային ռուսաստանցները։ Հայնտի բլոգեր Իլյա Վարլամովը «Էխո Մոկսվի» ռադիոկայանի իր բլոգում գրում է․ — «Հասկանում եք, չէ՞, որ ամերիկացիները չէ, որ որոշել են մեզ վատություն անել, այդ վատությունը մեզ արել է Վլադիմիր Պուտինը՝ կրճատելով ամերիկացի դիվանագետներ թիվը։ Ամերիկացիներն էլ կրճատել են նրանց, ովքեր վիզաներ էին տրամադրում»։

Այսօր նաև հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ֊ում Ռուսաստանի դեսպան է նշանակել փոխարտգործնախարար Անատոլի Անտոնովին, ով նախկինում զբաղեցրել է Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։

Please enter a valid URL