2003-ին Քոչարյանը, թույլ տալով օրենքի կոպիտ խախտում, 42 դատապարտյալների մահապատիժը փոխարինեց ցմահ դատապարտմամբ՝ օրենքով նախատեսված 15-20 տարվա փոխարեն Հայաստանում օրենքի գերակայության վերաբերյալ ամպագոռգոռ հայտարարությունների ֆոնին դեռ գոյություն ունեն բռնադատվածներ. այս կատեգորիան հայտնվել է իշխանազավթ, հանցագործ և հասարակական ունեցվածքի թալանչի, ապօրինի երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի գործող օրենքի ցինիկ ոտնահարման արդյունքում։
Այսօր, եթե մենք իրոք ապրում ենք Նոր Հայաստանում, օրենքի գերակայության պայմաններում վերոնշյալ փաստերն ու հանգամանքներն իրականում զավեշտալի են։ Համոզված ենք, որ ժողովրդավարական երկրում դա ոչ միայն աններելի է, այլ նաև անընդունելի։ Պահանջում ենք, որպեսզի համապատասխան իրավական մարմինները պատշաճ ուշադրություն դարձնեն այդ ճչացող հանգամանքին և ժամ առաջ օրենքից բխող որոշում կայացնեն խայտառակ իրողությանը վերջ տալու համար։ 2003թ․ օգոստոսի 1-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռ․Քոչարյանը, թույլ տալով օրենքի կոպիտ խախտում, 42 մահապատժի դատապարտյալներին շնորհեց «ներում»՝ մահապատիժը փոխարինելով ցմահ դատապարտման՝ օրենքով նախատեսված 15-20 տարվա փոխարեն։ Ուզում ենք ներկայացնել, որ այդ չարաբաստիկ «ներման» հրապարակումից հետո 42 մահապատժի դատապարտյալները հայտարարեցին հացադուլ, որից հետո եկան մի շարք գործիչներ, որոնք բոլորն էլ փաստում էին այդ սխալը, խոստանում բարձրաձայնել, լուծում գտնել ու հետամուտ լինել այդ սխալի շտկմանը։ ՔԿՀ է այցելել մարդու իրավունքների առաջին պաշտպան Լ․Ալավերդյանը։ Նա, տեղեկանալով խնդրին, արձանագրեց օրենքի կոպիտ խախտում։
Այնուհետև, եկավ 5 հոգուց բաղկացած պատվիրակություն՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռ․Պետրոսյանի գլխավորությամբ ով խնդրին ծանոթանալուն պես, հայտարարեց, որ Ռ․Քոչարյանի կողմից թույլ է տրվել կոպիտ խախտում և խոստացան պարզել։ Այնժամյա ԱԺ նախագահ Տ․Թորոսյանը ևս ապշեց. ասելով, որ անպայման պարզելու է, թե ով է կազմել ու հրամցրել Ռ․Քոչարյանին նման անմտություն։ Այնուհետև, այդժամանակյա ԱԺ նախագահ Ա.Բաղդասարյանն ուղարկեց Աղվան Հովսեփյանին` վարչության պետի հետ։ Նրանք, զրույցի ընթացքում քննարկեցին խնդիրը ԵԴ ուղարկելու հարցը, որն իբրև կլուծեր հարցը՝ փոխելով 15-20 տարվա ազատազրկմամբ։ ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ն․Վուտովան, նույնպես այցի ժամանակ արձանագրեց օրենքի խախտումը և ԵԽ-ում իր տարեկան զեկույցում կոչ արեց ՀՀ կառավարությանը անհատական մոտեցում ցույց տալ 42 մահապատժի ենթարկված դատապարտյալներին՝ վերանայելով յուրաքանչյուրի գործը։ Սակայն, ՀՀ իշխանությունը թքած ունեցավ նրանց հորդորի վրա։ 3 տարի անց միայն Ռ․Քոչարյանը դիմեց Ա․Հովսեփյանին հարցի իբր կարգավորման գործով, որն էլ իր հերթին հանձնարարեց Գ․Ջահանգիրյանին «վերանայել» գործերը։ Վերջինս 2 օրում «վերանայեց» 42 հոգու գործ՝ հոդվածները համապատասխանաբար փոխելով նոր օրենսգրքի հոդվածներով։ Մեր Նոր Հայաստանում պետք է տիրի օրենքն ու մարդասիրությունը։
Խնդրում ենք հետամուտ լինել, արդարացի որոշում կայացնել և մեկընդմիշտ լուծել այս խրթին խնդիրը։
Մահապատժի դատապարտյալ Ստեփան Գրիգորյան