«Կարծիք կա, որ նախկին խորհրդային երկրների ղեկավարները շատ արագ հարստանում են: Ձեր կառավարությունը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նախկին մի նախագահ է այս առնչությամբ կալանավորվել: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարելու համար»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց ԵԽԽՎ պատվիրակներից մեկը:
«Չեմ կարծում, թե աշխարհում կա մի վարչապետ, որը կանգնում, ամբիոնից ասում է՝ մտադիր եմ կամաց-կամաց ներգրավել կոռուպցիայի մեջ, բոլորն էլ ասում են՝ պայքարում են դրա դեմ ու այստեղ կարևոր է դառնում իշխանության խոսքի վստահելիությունը:
Կառավարության ղեկավարի կարգավիճակում իմ գտնվելն իմաստավորված եմ համարում այնքան ժամանակ, քանի դեռ ունեմ ժողովրդի վստահությունը: Այս առումով առաջինը ես, իմ ընտանիքն ու հարազատները պետք է լինենք առանձնահատուկ ուշադրության ներքո: Ուզում եմ ասել, որ ընդամենը 10 օր առաջ քր. գործ է հարուցվել իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ ու փաստը, որ գործը կքննվի օբյեկտիվության պայմաններում, ևս մեկ ապացույց է, որ վստահ գնում ենք առաջ»,- ասաց Փաշինյանը: