Իրազեկ քաղաքացիների միավորումը դիմել է ՀՀ քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել անհայտ անձի դեմ, որը Ազգային ժողովի դիմաց տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի դեմ բողոքի ցույցի ժամանակ պայուսակից հանել էր դանակն ու ցուցադրելով այն՝ հայտարարել, որ դրանով պատրաստ է «ուտիլիզացնել սեռական փոքրամասնություններին»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը դիմել է ՀՀ քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել Քրեական օրենգրքի 137–րդ (սպանության սպառնալիք) եւ 235–րդ (զենք ապօրինի կրելը) հոդվածներով։ Մենք հավաքի ժամանակ տեսանյութում տեսել ենք, որ անհայտ անձը ներկայացրել է դանակ, այն դեպքում երբ արգելվում է ցանկացած տիպի դանակով մասնակցությունը հավաքներին՝ անկախ դանակի չափերից ու ձեւից, միաժամանակ սպառնում է ուտիլիզացնել որոշակի սեռականություն ունեցող անձանց։ Իսկ ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է ուտիլիզացնել առանց սպանելու։ Ըստ էության՝ սա անընդունելի է, բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ հավաքներ անցկացնել, իրենց տեսակետը ներկայացնել, բայց հավաքները պետք է կրեն խաղաղ բնույթ, իսկ սպանության սպառնալիք եւ դանակ չպետք է լինի հավաքին»,–ասաց նա։