Search
Close this search box.

Ամուսնալուծությունից հետո Արթուր Աբրահամը 3–ամյա որդուն տարել է Գերմանիա, նախկին կինը պայքարում է երեխային վերադարձնելու համար

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (իրական անունը՝ Ավետիք Աբրահամյան) և Մերի Աբրահամյանը ամուսնալուծվել են։ Այս մասին կա դատարանի որոշում։

Tert.am Life–ը «Դատալեքս» որոնողական համակարգում գտել է գործի մանրամասները։ Մերի Աբրահամյանի` ամուսնալուծության հայցը բավարարվել է, երեխայի խնամակալության մասին հայցը` ոչ։

Ըստ գործի` Մերի Տիգրանի Աբրահամյանը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի` ամուսնալուծության, 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին:

Հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ իր վստահորդի և պատասխանողի ամուսնությունն օրինական կարգով գրանցվել է 15.09.2015թ-ին ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մեկ երեխա` 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանին:

Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և համատեղ տնտեսություն չեն վարում: Հերթական վիճաբանությունից հետո իր վստահորդը երեխայի հետ հեռացել է պատասխանողից: Սկզբնապես երեխան բնակվել է իր վստահորդի հետ, իսկ պատասխանողը պարբերաբար տեսակցել է նրան:

13.02.2018թ. երեխայի հետ հերթական տեսակցությունից հետո պատասխանողը երեխային մորը չի վերադարձրել և առանց մոր համաձայնության երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Հայցվորը նշել է, որ հաշվի առնելով երեխայի տարիքը, նրա ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները՝ երեխան պետք է բնակվի մոր հետ:

Ներկայացուվիչը նշել է, որ  2017թ. ընթացքում իր վստահորդի և պատասխանող Ավետիք Գրիգորի Աբրահամյանի հետ նոտարական կարգով կնքվել են գրավոր համաձայնություններ, համաձայն որոնց Ավետիք Գրիգորի Աբրահամյանը համաձայնել է, որ իրենց անչափահաս երեխան՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը, բնակվի Մերի Տիգրանի Աբրահամյանի հետ՝ վերջինիս բնակության վայրում, որ իրենց անչափահաս երեխան՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը, առանց Մերի Տիգրանի Աբրահամյանի գրավոր համաձայնության չի կարող հոր հետ մեկնել այլ երկիր, և որ Ավետիք Գրիգորի Աբրահամյանը պետք է իրենց անչափահաս երեխայի՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի, համար ալիմենտ վճարի: Պատասխանողը պարտավորվել է համաձայնություններով նախատեսված պարտականությունները կատարել մինչև երեխայի չափահաս դառնալը:

Վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16, 17, 41, 53, 54, հոդվածները, և պատճառաբանելով, որ կողմերի ընտանիքը հնարավոր չէ վերականգնել, և որ երեխան առավելապես կապված է մոր հետ՝ դատարանին խնդրեց իր վստահորդի և Ավետիք Գրիգորի Աբրահամյանի ամուսնությունը լուծել, 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը սահմանել նրա մոր՝ Մերի Տիգրանի Աբրահամյանի, բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, ինչպես նաև հաստատել 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը:

Պատասխանողի ներկայացուցիչը ներկայացել է դատական նիստին: Վերջինս դատարանին հայտնեց, որ իր վստահորդը չի առարկում ամուսնալուծության պահանջի դեմ: Նշեց, որ ներկայումս իր վստահորդը երեխայի հետ գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Ավելացրեց, որ սույն գործով դատարան չի ներկայացվել երեխայի ծննդյան վկայականը, ուստի երեխայի նկատմամբ հայցվորի մայրությունը հաստատված չէ, չկա եզրակացություն և երեխայի կյանքի պայմանների հետազոտության ակտ, ուստի երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու և ալիմենտային համաձայնությունը հաստատելու վերաբերյալ հայցապահանջները ենթակա են մերժման:

Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել է մասնակի։ Ամուսնալուծության հայցը բավարարվել է, երեխայի խնամակալությանը` ոչ։ Մերի Աբրահամյանը դիմել է վերաքննիչ դատարան։ Վերանքննիչ դատարանը վերադարձրել է բողոքները` փաստաթղթերի ոչ բավարար լինելու հանգամանքով։

Please enter a valid URL