ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները համապատասխան հագուստով, զրահավորված ներխուժել են տարածք և բառի բուն իմաստով՝ պարալիզացրել տոնավաճառի աշխատանքները։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նրա գնահատականով՝ ՊԵԿ աշխատակիցների գործողություններն այնպիսին էին, ասես՝ ահաբեկչական գործողություններ էին կանխարգելում:
«Մարդիկ նաև բարոյահոգեբանական առումով չէին կարող աշխատել, քանի որ 50-ից ավել համազգեստով մարդիկ էին ներխուժել։ Նշվում էր, թե կար անանուն հաղորդագրություն, որ այդտեղ ինչ-որ թերացումներ կան, մասնավորապես՝ իբր տոնավաճառի տնօրինությունը վարձակալությամբ տրվող տարածքները մեկ քառակուսի մետրի համար ֆիքսվածից ավել գին են վերցնում: Դա բացարձակ սուտ է։ «Առինջ մոլ»-ում բոլոր գործարքները կատարվում են օրենքի տառին համապատասխան, այս մասով ապացույցներն արդեն տրված են»,- մեկնաբանեց Տոնոյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ շուրջ 3 տարի Գագիկ Ծառուկյանի կողմից տոնավաճառի տարածքներն անվճար են տրամադրված եղել առևտրականներին։ Նա նաև շեշտեց, որ «Առինջ մոլի» աշխատակիցներն էլ ագրեսիվ ու հուսահատված էին ՊԵԿ աշխատակիցների գործողություններից։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում ստուգումներին՝ Իվետա Տոնոյանն ասաց, որ արդեն օրեր շարունակ ստուգվում են, ավելին՝ իրենց համար դա սովորական է դարձել։
«Օրեր շարունակ ստուգվում են, մեզ համար արդեն այլևս սովորական են դարձել հարատև ու շարունակական ստուգումները։ Գազալցակայաններում ևս օրենքի տառին անհամապատասխանության որևէ դրվագ չկա, այդտեղ գազի սակագինը պահպանվել է նույնը»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։
Վերջինս հույս հայտնեց, որ նոր Հայաստանում իշխանությունները նախկին իշխանությունների գործելաոճը չեն որդեգրի․ «Նախկին իշխանությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի պատգամավորների կառուցողական քննադատությանը հաջորդում էր իշխանության ձեռքի տակ ունեցած լծակների՝ այլ նպատակներով օգտագործումը։ Հուսով եմ՝ այս իշխանությունների, նոր Հայաստանի պարագայում այս գործելաոճը չի շարունակվի»,- շարունակեց Տոնոյանը։
Հարցին՝ պատահակա՞ն է, որ Գագիկ Ծառուկյանի՝ Նիկոլ Փաշինյանի թիմին քննադատելուց հետո սկսեցին ստուգումները, Իվետա Տոնոյանը պատասխանեց․ «Խոսքը ստուգումներ անցկացնելու կամ չանցկացնելու մասին չէ, այլ սուգումներն անցկացնելու ձևի մասին է։ Կրկնում եմ՝ նույն «Առինջ մոլ»- ում շուրջ 50 հոգի բաճկոններով զրահավորված հայտնվել է միաժամանակ։ Իրականում սարսափելի բան տեղի չի ունեցել։ Վստահաբար մեր երկրում շատ ավելի այլ ոլորտներ ու կառույցներ կան, որոնցում կարելի է նման սարսափազդու դեմքով ստուգում իրականացնել, միգուցե շատ ավելի լուրջ բացթողումներ արձանագրեն ու պարզեն, քան որ մտնում են «Առաջին մոլ» »։
Իվետա Տոնոյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միավորվելու են, ավելին՝ հույս ունեն նաև «Իմ քայլը» խմբակցությունից մարդիկ ներգրավեն ու մեծամասնություն դառնան, շեշտեց, որ ԲՀԿ-ն ունի իր քաղաքական օրակարգը և նման հարց իրենց օրակարգում չկա։