«Մանվել Գրիգորյանը կշարունակի կալանքի տակ մնալ, դատարանի որոշումն անփոփոխ մնաց»,- այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց վերջինի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Խոսելով առողջական վիճակից՝ նշեց, որ ակնհայտ է բացասական դինամիկա, ինչն անգամ հանձնաժողովի փորձագետները չեն ժխտում․ «Փաստորեն շաքար ունեցող մարդը կալանավորվելուց հետո ունի շաքարային բարձր ցուցանիշ՝ 27, և 110 միավոր ինսուլին է ստանում, որը որ նախկինում չի ստացել։ Ունի 2 տասնյակից ավելի հիվանդություններ, որոնք շարունակում են ավելանալ, ընդ որում, Մանվել Գրիգորյանի հիվանդությունները բուժվող չեն»,- ասել է նա։
Խոսելով դատավարության մասին՝ կարծիք հայտնեց, որ դատարանների որոշումները կանխատեսելի են մեղադրող կողմի համար։ «Չեմ ուզում ենթադրություններով խոսել, բայց տարօրինակ կերպով ստացվում է, որ վարույթն իրականացնող մարմնի համար դատարանների որոշումները կանխատեսելի են, քանի որ եթե մենք ներկայացնում ենք բողոք, իմ կարծիքով, կողմերին պետք է հետաքրքրի, թե դատարանն ինչ որոշում է կայացրել, այնինչ հակառակ պատկերն է՝ մի կողմը ներկա է, մյուսը՝ ոչ»։
Փաստաբանը նշեց, որ դատավորի մասին բացասական կարծիք չի կարող հայտնել, քանզի դատավորը հայտնի է որպես անչառա, որոպես ինքնուրույն դատավոր։
Թե որն է հաջորդ քայլը, ասաց, որ առաջին շաբաթվա ընթացքում սպասվում է, որ գործը կուղարկվի Առաջին ատյանի դատարան և առաջին նիստին կքննարկվի խափանման միջոցի հարցը։ «Բացի դրանից, պետությունը պատասխան է ներկայացրել Եվրոպական դատարան և մեր գործընկերներն աշխատում են այդ ուղղությամբ»,- եզրափակեց Արսեն Մկրտչյանը։