Search
Close this search box.

Դուք մեզ գաղափարակից չեք ու դադարեցիք նաև ընկեր լինելուց. Սամվել Բաբայանի գրասենյակը` «Սասնա ծռեր»-ին

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է. 

«Արդեն վտանգավոր սահմանին են հասնում, այսպես կոչված «Սասնա ծռեր» խմբակցության, խմբավորման կամ կուսակցության, ոնց ուզում եք համարեք, անհեթեթ հայտարարությունները, մեղադրական նոտայով հայտնած մտքերը, ինչ-որ վերացական ակնարկները։ Ի վերջո համբերությունն էլ իր չափն ու սահմանն ունի։

Բավականին տևական ժամանակ է անհասկանալի պատճառներով այս խմբավորման կարկառուն ներկայացուցիչները պահը բաց չեն թողնում հակադարձելու Սամվել Բաբայանին` չունենալով հակադարձելու ոչ մի ռեալ իրագործելի առաջարկություններ։

Փորձեցինք ամեն դեպքում չհատել այն սուրբ գիծը, որը պատերազմի ընթացքում միավորել է մեզ։ Սակայն Լկտիաբար դավաճանական որակումներ տալով Սամվել Բաբայանի հայեցակարգին` իրենք հենց հատեցին այդ գիծը։

Դավաճանությունը ժողովրդին նորանոր պատերազմների հրահրելն է, դավաճանությունը անմիտ այն հայտարարություններն են, որոնցով խաղում եք ժողովրդի նվիրական զգացումների ու ապրումների հետ՝ չմտածելով, որ վաղը կամ մյուս օրը պատասխան եք տալու ձեր արածների կամ չարածների համար։

Ծովից ծով Հայաստան եք ուզու՞մ, թե՞ ուզում եք «Ստամբուլը արյան ծով դարձնել», ամոթ է իջեք երկնքից, ասում եք այնպիսի բաներ, որոնց ինքներդ չեք հավատում։ Մենք փորձում ենք պահել այն, ինչ ունենք, ավելին ՝ ամրագրել այն միջազգային հարթակներում։ Առաջնային խնդիր է մեզ համար խաղաղությունը, զարգացումը, բարեկեցությունը։ Այս ժողովուրդը կդոփի տեղում, եթե շարունակի պատերազմել հազարամյակներով, այս ժողովուրդը ուղղակի կոչնչանա։

Ի՞նչ ենք տալու մենք մեր սերունդներին` օդում կախված կարգավիճա՞կ։ Սրա մասին մտածեք։ Թե չէ ուրիշի գաղափարական պատկերացումները բոլորս էլ կարող ենք գրչի մի հարվածով վարկաբեկել, այդ գրիչը մեկ-մեկ օգտագործեք Արցախի զարգացման ձեր տեսլականը շարադրելու գործում։ Ներկայացրեք հանրությանը, հետո կխոսենք։ Երբ խոսելու բան կունենաք, առաջարկելու բան կունենաք միգուցե հարմար կգտնենք լսելու, բայց հիմա դուք մեզ գաղափարակից չեք ու դադարեցիք նաև ընկեր լինելուց, որովհետև տրորեցիք այդ գիծը։ Չփորձեք քայլել զուգահեռ, որովհետև շատ թույլ եք դրա համար։

Գրեթե 30 տարի է, ինչ Սամվել Բաբայանն ունի իր դիրքորոշումը առ այն, որ Արցախը Հայաստան է և վերջ, ու ձեր խմբավորման անդամներից շատերը ականատես են եղել նրա պայքարին՝ թե զենքով, թե զրկանքների գնով, թե գաղափարապես, ու այսօր խոսել Բաբայանի ծրագրի «ըստ էության» դավաճանական լինելուց առնվազն նենգություն է հերոսի նկատմամբ։ Արցախի մարմնակցումը մայր հողին լինելու է փուլային տարբերակով, միջազգային ճանաչման մակարդակով և դա Սամվել Բաբայանի համոզմունքն է, որը ներկայացվել է հանրությանը։

Իսկ ձեզ՝ «հանճարեղներիդ», առաջարկում ենք ձեր պատկերացումների շրջանակում տալ ձեր «հայտնագործությունը», ինչում խիստ կասկածում ենք»։

Please enter a valid URL