Search
Close this search box.

Մետաղի գողերը «Երևանի ՋԷԿ»-ին հասցրել են 21,5 մլրդ դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ բացահայտել է  կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողության դեպք Երևանի ջէկից: Մեղադրանք է առաջադրվել ինը անձի: Հասցված վնասը գնահատվում է մոտ 21,5 մլրդ դրամ։

Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի թվով ինը բնակիչներ մտադրվել են գողություն կատարել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ից, որի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, կատարել դերաբաշխում, կազմակերպված խմբի կազմում ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեսախցիկ տեղադրելու միջոցով, վերահսկել տարածքը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ անձինք 2019 թվականի փետրվարից մինչև 2019 թվականի մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել ՓԲԸ-ին պատկանող տարածք ու նախօրոք ընտրված տեխնիկական միջոցների գործադրմամբ տրանսֆորմատորում առկա պղնձյա փաթույթները կտրելու եղանակով գաղտնի հափշտակել դրանք:

Այնուհետև նախօրոք ընտրված՝ թվով 7 տրանսպորտային միջոցներով գողոնը տեղափոխել են առերևույթ հանցագործությանը մասնակիցներից մեկի տան բակ, որից հետո հափշտակված պղնձալարերն իրացրել գունավոր մետաղների ընդունման կետերում՝ ՓԲԸ-ին պատճառելով ընդհանուր  առմամբ առանձնապես խոշոր չափերի` 21, 49 մլրդ դրամի գույքային վնաս։

Դեպքի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ընդունվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՓԲԸ-ից առերևույթ կատարված գողությանը մասնակցություն ունեցած 9 անձանց ինքնությունը։ Վերջիններս ձերբակալվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ենթադրյալ հանցագործություն կատարած 9 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Քննիչը միջնորդություն  է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նույն խմբի կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները, դրանց կատարմանը այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։

Please enter a valid URL