ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ ազատ, արդար ընտրություններն ապահովված են, բայց, ըստ նրա, ժողովուրդը սպասում է հեղափոխության ժամանակ տրված խոստումների կատարմանը:
«Ես հայտարարեցի, որ հեղափոխությունից հետո անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն, որը ժողովրդի ժպիտն ու փայլը կվերականգնի: Ժողովուրդը պետք է կարողանա լիարժեք իր պարտքերը փակել, իր երեխայի խնդիրները կարգավորել, վարկերը փակել, որ տնտեսական հեղափոխություն լինի: Տնտեսական հեղափոխության համար ես մեր ծրագիրը ներկայացրել եմ: Առանց դրանց հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն անել»,- ասաց նա։
ԲՀԿ առաջնորդը կարևորում է ներգաղթ ապահովելը։ Նա կարծում է, որ իշխանության համար պետք է հնարավորություններ ստեղծել, որ արտագաղթած անձինք հետ վերադառնան, այլ ոչ միայն կոչ անեն վերադառնալու:
«Վերադառնան, որտե՞ղ են ապրելու, պետք է ներդրումներ լինեն, պետությունն էլ ներդրում անի: Տարեկան պետք է գումար դրվի, վարկ ու պարտք ավելացվի, բայց գումար դրվի բոլոր ոլորտներում, որ կարողանա տնտեսական աճ լինի, զարգացում լինի: Պետք է նախապատրաստեն համապատասխան բնակարաններ, որ եկողը մնալու տեղ ունենա, չմնա փողոցում: Պետք է մի քիչ արագ տեմպերով աշխատել, որովհետև ժողովուրդը նորից գնում է»,- հավելեց Ծառուկյանը:
Վերջինս առաջնային է համարում փոքր ու միջին բիզնեսի հարկերի նվազեցումը, քանի որ կարծում է, որ դա պետության հիմնական ողնաշարն է: Ըստ նրա՝ լավագույն օրենք ընդունելուց կամ փոփոխություն անելու առաջ քեզ պետք է խնդրին նայել նաև գործարարի տեսանկյունից։
«Մենք այսօր ունենք 650 հազար ընտանիք և 1.5 մլն վարկառու: Ամեն ընտանիքից երկուսը, երկուսուկեսը վարկի տակ են, մտածում են՝ ոնց անեն, վարկը փակեն, որ հանկարծ վաղը դրսում չմնան: Մարդը չի կարող նոր գործունեության մասին մտածել: Դրա համար պետք է առողջացման ծրագիր անել, պետական պարտքը հիմա 7 մլրդ է, թող դառնա 7.5 մլրդ, բայց կանոնակարգենք, նայենք մեր ժողովրդի միջին խավին: Մարդկանց վարկերի ներում շնորհեն, առողջացման ծրագիր լինի, որոշ մասը պետք է դնեն բանկի վրա, եթե 20-30 տոկոսով մարդուն վարկ է տրվել, ուրեմն համապատասխան կեսը պետությունը թող վերցնի իր վրա, կեսն էլ բանկերը վերցնեն: Առողջացման ծրագիր չլինի, ժողովուրդը չի կարող գլուխ բարձրացնել, որ շահույթով աշխատի»,- ընդգծեց Ծառուկյանը։
Միևնույն ժամանակ ԲՀԿ առաջնորդը ողջունեց մինչև 24 մլն շրջանառություն ունեցողին հարկերից ազատելը, բայց նաև խնդիրներ է տեսնում։
«Շատ լավ է, բայց այդ 24 միլիոնի դեպքում գործարարը պետք է օրական 60 հազար դրամի առևտուր անի, այդ 60 հազար դրամի շահույթը պետք է լինի 5000-6000 դրամ, դա ամսական կազմում է 150 հազար դրամ, որ կարողանա իր գլուխը պահել, դա մենակ իր գոյատևելու համար է: Այն էլ, այդ օրենքն օգտագործելով, իրավունք չունի Երևանում գործելու, իրավունք չունի այլ քաղաքներում գործելու, տոնավաճառներում գործելու: Լիարժեք այդտեղից կարող է օգտվել մի 1000 հոգի: Այսինքն՝ դա էլ չի օգնում»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։