Search
Close this search box.

Առանձնակի դաժանությամբ սպանություն, դին այրել են

Այսօր՝ ապրիլի 8-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Տիգրան Կարապետյանի, ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչների հետ, քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Թումանյանի բաժին են բերման ենթարկել Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Կամո Կիրակոսյանին։

Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 46-ամյա Արսեն Սարդարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու, դին այրելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սարդարյանը ապրիլի 4-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից։ Նա իր վարած Mercedes մակնիշի 34 RA 735 համարանիշի ավտոմեքենան հանգստյան օրերին շահագործում էր որպես տաքսի և Երևանից պատվիրատուի հետ ուղևորվել է Լոռու մարզ։ Հաջորդ օրվանից հարազատները ոչ մի տեղեկություններ չեն ունեցել Ա. Սարդարյանից։
Նրան զանգահարում էին, սակայն նա կամ զանգերին չէր պատասխանում կամ անհասանելի էր տալիս։ Գրեթե մի քանի օր Լոռու մարզի ոստիկանները կատարել էին հսկայածավալ որոնողական աշխատանքներ և ինչքան կասկածելի վայրեր կար, «սանրել են», ու արդեն ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Լոռու մարզի ոստիկանները քննիչների հետ կազմում են օպերատիվ-հետախուզական և քննչական խմբեր ու հայտնաբերում են Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին լինում է Կ. Կիրակոսյանը։ Նա բերման է ենթարկվում ու արդեն փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ սպանությունը կատարել է ինքը և այրված դին գտնվում է Լոռու մարզի Աքորի վարչական տարածքում։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և այս պահին Կ. Կիրակոսյանը ոստիկանների ու քննիչների ուղեկցությամբ տեղափոխվում է այն վայրը, որտեղ թաքցրել է դին։
Ֆոտոլրագողի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կասկածյալ Կ. Կիրակոսյանն այդ օրն էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։ Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ Կ. Կիրակոսյանը ձերբակալվել է։ Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL