Search
Close this search box.

Ոստիկանության գնդապետի մերձավոր ազգականը մեքենա է առևանգել

Երեկ՝ ապրիլի 7-ին, ավտոմեքենայի առևանգման դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Լ. Թ-ից, ով հայտնել է, որ 5 րոպե առաջ Մյասնիկյան պողոտայից՝ կենդանաբանական այգու մոտից, տաքսի ծառայությանը պատկանող Opel մակնիշի 34 ZA 133 համարանիշի ավտոմեքենան փախցրել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները հայտնաբերում են Opel-ը և հետապնդելով նրան՝ կարողանում են, ժողովրդի լեզվով ասած, «կալմեջ անել» և Հյուսիսային պողոտայում ավտոառևանգիչի դեմն առնել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս բերման է ենթարկվում ոստիկանության կենտրոնական բաժին։ Պարզվում է, որ նա Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 24-ամյա Հովհաննես Խմելյանն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս 2018 թվականի նոյեմբերին ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտված է եղել և համաներումով ազատ է արձակվել։
Վերջինս առևանգված ավտոմեքենայով տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետապնդման ժամանակ Հ. Խմելյանը վնասել է նաև 2 ավտոմեքենա։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Հ. Խմելյանը տարբեր մարդկանց մոտ ներկայանում է, որ ինքը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանի եղբոր տղան է, մինչդեռ, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, նրանք 20 տարուց ավելի է՝ ոչ մի շփում չունեն միմյանց հետ։ Պարզապես Հ. Խմելյանն ամեն անգամ շահարկել է Ս. Խմելյանի անունը։

Please enter a valid URL