Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լելե-Թեփե բարձրունքում մինչև վերջին փամփուշտը մարտնչած ապրիլյան պատերազմի հերոս սերժանտ Կարեն Ներսիսյանը կդառնար 22 տարեկան

Սերժանտ Կարեն Ներսիսյանը ծնվել է 1997 թվականի ապրիլի 8-ին, Բջնիում: 2003-2014 թթ. սովորել է Բջնիի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: 2014 թ.-ին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։ Զբաղվել է սպորտով, հաճախել համակարգչային ուսուցման կենտրոն:

Կարեն Ներսիսյանը 2015 թվականի հուլիսի 11-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Արցախում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտի կոչում։ Եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։

Նա  ապրիլի 1-ին բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը ժամը 02:30-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Սերժանտ Կարեն Ներսիսյանը 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների:

Կարենը զոհվել է ապրիլի 2-ին՝  Ջաբրայիլի  դիրքերում ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի դեմ պայքարում։ Վերջին անգամ նա ընտանիքի անդամների հետ խոսել էր ապրիլի 1-ին՝ ասել, որ ամեն ինչ  նորմալ է,  հանգիստ քնեն։  Ապրիլի 2-ից հարազատները փորձել են կապ հաստատել նրա հետ, հետո իմացել են, որ Կարենն անհետ կորածների ցուցակում է։  Ապրիլի 10-ին  Բաշ Քարվենդ բնակավայրի  մոտակայքում հայկական կողմին էր փոխանցվել  18 զինծառայողի  մարմին, որից մեկը Կարեն Ներսիսյանն էր։

2016 թվականի ապրիլի 16-ին Կարեն Ներսիսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։ 2016 թվականի մայիսի 28-ին Կարեն Ներսիսյանը Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով:

Ի դեպ,  Կարենց դիրքի տղաները ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մարտնչել են  հերոսաբար: Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ  7 հոգուց բաղկացած խումբն անցնում է շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանն  իր զինակից ընկերների հետ կոտրել է հակառակորդի ողնաշարը՝ հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը, տապալելով հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով ԼՂՀ- ին արագ պարտության մատնելու ծրագիրը։ Անհավասար պայքարում զոհվում են Ադամ Սահակյանը, Կարեն Ներսիսյանը, Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը,  Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը:

Please enter a valid URL