Վանաձորի թիվ 20 դպրոցում առավոտից լարված իրավիճակ է: Դպրոցի փոխտնօրեն Մարիետա Հարությունյանին տնօրենի պաշտոնում տեսնելու պահանջով աշակերտները դասադուլ են կազմակերպել: Աշխատանքը կորցնելու վախի ակնհայտ մթնոլորտ՝ պահակից մինչև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ նկարահանող խմբիս տեսնելուն պես աշխատակիցներն սկզբից հերքեցին դասադուլի փաստը, ինչը, սակայն րոպեներ անց փաստեցին աշակերտները՝ գործով:
Վանաձորի թիվ 20 դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար կայացած մրցույթին 11 թեկնածուներից առավելագույն 5 ձայնից 4 ձայն ստացել է դպրոցի փոխտնօրեն Մարիետա Հարությունյանը, 3-ը՝ ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ Կարինե Մարգարյանը, ով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի դասընկերուհին է և ծնողների պնդմամբ հենց նրա միջնորդությամբ է նշանակվել պաշտոնում: Նշենք, որ դպրոցի տնօրենին ընտրելու համար կազմվում է 8 անդամից բաղկացած հանձնաժողով, որի կազմում Վանաձորի քաղաքապետարանից ներկայացուցիչ ընտրվել է Գայանե Սարգսյանը, այն դեպքում, երբ նա մարզպետ Ա. Ղուկասյանի օգնականն է: Մյուսը՝ թիվ 11 դպրոցի ուսուցչուհի Հովհաննիսյան Հերմինեն է, որի հանձնաժողովի անդամ լինելը մարզպետի կողմից հաստատվել է ուշացումով, հետևաբար զրկելով նրան նիստի ողջ ընթացքին մասնակցելու իրավունքից: Տեսախցիկից դուրս ասում են, որ մարզպետ Ղուկասյանը արել է ամեն հնարավորը, որպեսզի իր դասընկերուհուն նշանակի տնօրենի պաշտոնում՝ կատարելով բազում խախտումներ:
Որոշ ժամանակ անց հրավիրվեց մանկավարժական խորհրդի նիստ, ԶԼՄ ներկայացուցիչներին թույլ չտվեցին մասնակցել նիստին: Մինչ ներսում քննարկում էին ստեղծված իրավիճակը, դռների մյուս կողմում աշակերտները դասադուլ էին բացականչում: Կարգը պահպանելու համար այնտեղ եկավ նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Լևոն Մարտիրոսյանը: Թեմայի շուրջ խոսել ենք նաև դպրոցի նորանշանակ տնօրեն Կարինե Մարգարյանի հետ: