Search
Close this search box.

«Ժողովուրդ». Երեկ խորհրդարանում Լիլիթ անունով ներկայացած տրանսգենդերը միակը չէր

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում արտառոց դեպք տեղի ունեցավ։ Առաջին անգամ պատմության մեջ տրանսգենդեր մոտեցավ ամբիոնին եւ ելույթ ունեցավ, որից հետո անգամ ծափողջյուններ հնչեցին, սակայն լսումները վարող ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դուրս հրավիրեց դահլիճից Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով հանդես եկող անձին։

Նշենք, որ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու որոշում կայացվել էր դեռ մարտի 11-ին, այսինքն` այսքան օր կար այդ ամենը կազմակերպելու համար։ Մենք տեղեկացանք, որ գրանցումը կատարվել է օնլայն սկզբունքով, իսկ Լիլիթ Մարտիրոսյանն էլ ներկայացնում էր «Իրավունքի ուժ» ՀԿ-ն։

Նա երեկվա լսումներին ներկաների մեջ այլընտրանքային սեռական կողմնորոշում ունեցող միակ անձը չէր։ Նրանք մի քանիսն էին եւ լսումների ընթացքում նույնիսկ սոցիալական ցանցերում ակտիվ տարածում էին այդ լուսանկարները։

Արդեն միջադեպից հետո լրատվական կայքերում տեղեկություն տարածվեց, թե նրան հրավիրողը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ինչն, ըստ էության, վերջինիս կողմից հերքվեց, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ այս ամենը կազմակերպված էր համարում։

Մեր տեղեկություններով` տրանսգենդերն ունի հենց Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով անձնագիր եւ հենց դրանով էլ մուտք է գործել խորհրդարան։ Հավելենք, որ երեկվա միջադեպը լայն քննարկման առիթ է եղել հենց «Իմ քայլը» խմբակցությունում, որտեղ եւս Մարիան հայտարարել է, թե ոչ մի կապ չունի այդ անձնավորության հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL