Search
Close this search box.

Մհեր Սեդրակյանի որդու հայտարարությունը. «Ճիշտ կլիներ հրապարակումները կատարելուց առաջ լսել նաև մյուս կողմին»

2019 թվականի ապրիլի 4-ին տարբեր կայքերում հրապարակված՝ «Թոխմախի Մհերը և որդին ապօրինի օտարել են հսկա հողատարածք» վերնագրով նյութի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը. 2004-ին ես որևէ որևէ պաշտոն չեմ զբաղեցրել և կարծում եմ, որ նույնիսկ քննության առարկա չի կարող դառնալ իմ կողմից գույք օտարելու կամ չօտարելու հարցերը, քանի որ անվիճելի է, որ ես չէի կարող օտարել համայնքային գույք: Ի դեպ, եթե 2002 թվականի դրությամբ ուսումնասիրենք օտարված հատվածի՝ տիեզերքից կատարված լուսանկարները, ապա պարզ կլինի, որ դրանք զբոսայգու տարածք փաստացի չեն եղել, օրինակ՝ տրամվայի գծերը(«տրամվայի կրուգը») ինչպես կարող են լինել զբոսայգու տարածք:

Կարծում եմ, որ տվյալ հատվածին ծանոթ ցանկացած մարդ հիշում է, որ այդ հատվածում զբոսայգի չի եղել: Իսկ ինչ վերաբերում է հարակից Վարդավառ զբոսայգուն, ապա այն այսօր Երևան քաղաքի ամենաբարեկարգ այգիներից է դարձել, որի պահպանումն ու խնամքի կազմակերպումը իմ ընտանիքի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Բացի այդ, օտարումները համաձայն տեղական ինքնակառավարման մասին այն ժամանակվա դրությամբ գործող օրենքի, իրականացրել է համայնքի ավագանին, որը 15 անձից բաղկացած կոլեգիալ մարմին է եղել:

Համայնքի ղեկավարը ունեցել է խորհրդակցական ձայնի իրավունք: Համայնքի ղեկավարը ընդամենը կնքել է ավագանու որոշումները: Ինչ վերաբերում է հրապարակումների այն մասին, որ համայնքի ղեկավարը կարող էր դատական կարգով վիճարկել ավագանու որոշումները, ապա այդ կապակցությամբ նշեմ, որ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու գործունեության իրավական ապահովումը իրականացրել է իրավաբանական բաժինը՝ բաժնի պետի գլխավորությամբ, բացի այդ բաժնի պետն է տվել եզրակացություններ կնքվող գործարքների՝ օրենսդրությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ: Հետևաբար համայնքի ղեկավարը չէր կարող ինքնակամ, առանց բավարար հիմքերի դատական կարգով վիճարկել ավագանու որոշումը, առավել ևս չի կարող պատասխանատվության հարց առաջանալ հայեցողական այդ լիազորությունը չիրականացնելու համար:

Ինչ վերաբերում է գներին, ապա նշենք, որ խոսքը վերաբերում է 2004 թվականին, երբ գործել է այլ օրենսդրություն, ուստի այդ ամենը պետք է դիտարկել 2004 թվականին գործող օրենսդրության համատեքստում: Անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը հաշվի առնելով կարծում ենք արդարացի չէ քրեական գործի հարուցումից անմիջապես հետո նշանակել մեղավորներ: Կարծում ենք նաև, որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում կպարզվի ամեն ինչ: Իսկ մինչ այդ ճիշտ կլիներ հրապարակումները կատարելուց առաջ լսել նաև մյուս կողմին:

Հարգանքով՝​ Դավիթ Սեդրակյան

Please enter a valid URL