Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի Ձորափնյա 31 տանը հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ հրշեջները նշված տան 2-րդ հարկում նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Հրշեջներն ու ոստիկանները, մարելով կրակը, հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 89-ամյա Հրանուշ Ենոքյանի դին՝ ամբողջովին այրված վիճակում:
Դեպքի վարում հավաքված քաղաքացիներըասում էին. «Նկատեցինք ծուխը, միանգամից զանգահարեցինք Թալինի հրշեջ ջոկատ ու 1-2 րոպեների ընթացքում Թալինի հրշեջները հասան դեպքի վայր: Ճիշտ է, ցավում ենք, որ զոհ ենք ունեցել, բայց չենք կարող չգնահատել Թալինի հրշեջների օպերատիվ աշխատանքը, ովքեր նախ կանխեցին կրակի տարածումը, այնուհետև մարեցին այն: Եթե հրշեջները միքիչ ուշանային, 2 հարկանի տունը կրակի էր մատնվելու և այն ամբողջովին վերածվելու էր մոխրակույտի»: