Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Պյոտր Տոլստոյի հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր ռուս գործընկերոջն է փոխանցել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության եւ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` Պյոտր Տոլստոյին մեր երկիր այցելելու հրավերը,ինչպես նաեւ ներկայացրել Աբովյան քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի թաղամասի եւ ռուսական թեքումով դպրոցի աշխատանքները:
Պետդումայի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել եւ սիրով ընդունել Հայաստան այցի հրավերը:
Մեր երկրում Պետական դումայի նախագահի տեղակալի սպասվող այցիշրջանակում նախատեսվում է հանդիպում-քննարկում` օրակարգում ունենալով հայ-ռուսական հարաբերություններին եւ միջխորհրդարանական դիվանագիտությանն առնչվող մի շարք կարեւոր հարցեր:
Վահե Էնֆիաջյանն իր խոսքում առանձնացրել է հարաբերությունների հետագա ամրապնդման գործում խորհրդարանական դիվանագիտության անհրաժեշտությունն ու բազմավեկտոր նախաձեռնությունների իրագործումը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում ջանք չի խնայելու երկկողմ հարաբերություններում արդյունավետ համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ:
Պյոտր Տոլստոյն իր հերթին կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է՝ ընդգծելով՝ անհրաժեշտ է առավել զարգացնել երկկողմ հարաբերությունները հնարավոր բոլոր ուղղություններով:
Կողմերը կարեւորել են բարեկամ ժողովուրդների բազմադարյա ավանդույթների շարունակականության անհրաժեշտությունը: