Search
Close this search box.

Ճանապարհաշինությունը եղել է փող «ուտելու» թիվ մեկ տեղը ու մենք պետք է ոմանց ախորժակը շատ կտրուկ փակենք. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ճանապարհների խնդիրներին։ «Մենք չենք հանդուրժելու վատ որակի ճանապարհը, բայց նախորդ տարվա ճանապարհաշինության փորձից ի՞նչ ենք տեսնում, տեսնում ենք, որ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնք մեր հայտարարած մրցույթներում հաղթել են ու իրականացրել են անորակ աշխատանք»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ անորակ աշխատանքն իրականացնողները նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են։

«Նրանք իրենց հին սովորությունների համաձայն, հիմա էլ իրենց մտքով անցնում է, թե կարող են անորակ ճանապարհ կառուցել ու անցնի գնա», — ասաց ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է Նոյեմբերյան-Ոսկեպար հատվածին։

«Մենք չենք ընդունել աշխատանքները բացարձակ անորակ լինելու պատճառով և հիմա նախարարությունը պարտավորեցրել է աշխատանքը սկսել», — ասաց նա՝ հավելելով, որ այդ մարդիկ պետք է պատժվեն։

«Նրանք, իսկապես, սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են, նրանք պետք է զգան մեր հակահարվածը», — ասաց վարչապետը՝ հետաքրքրվելով ՀՀ գլխավոր դատախազից, թե ի՞նչ կարող են անել։

«Առաջին հայացքից, այո, դրանք պայմանագրային հարաբերություններ են, ուղղակի պետք է նայել, թե պայմանագիրն ինչ կարգավորումներ է նախատեսել։ Որպես կանոն՝ այդ տեսակ պայմանագրերը նախատեսում են տույժ-տուգանքներ։ Որպեսզի քրեական գործի հասնի, մենք պետք է բովանդակությունն ու ծավալը ուսումնասիրենք, որպեսզի տեսնենք՝ արդյոք հանցակազմ կա», — ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այդ մարդիկ դիտավորյալ անորակ շինարարություն են իրականացրել։ «Մենք շատ լուրջ ֆինանսական վնասներ ենք կրել ու այդ վնասը հասցրած մարդիկ պետք է կրեն պատասխանատվություն ու հայտնվեն բանտում։ Ճանապարհաշինությունը երկար ժամանակ եղել է փող «ուտելու» թիվ մեկ տեղը ու ոմանց ախորժակը, երևում է, չի փակվել, մենք պետք է իրենց ախորժակը շատ կտրուկ փակենք », — ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

 

Please enter a valid URL