Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նպաստների ուշացմանը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի Զարուհի Բաթոյանի հետաքրքրվեց՝ արդյոք հարցն արդեն լուծվել է:
«Պարոն վարչապետ, ուշացումը մի քանի պատճառ ունի, տեխնիկական գործընթացների հետ է կապված, բայց վճարման ցուցակների կազմման աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում», — ասաց Զարուհի Բաթոյանը։
Վարչապետը հարցը կոնկրետացրեց։ «Այս պահին լուծվե՞լ է հարցը, բոլորը ստացե՞լ են», — ասաց վարչապետը։
Զարուհի Բաթոյանն էլ արձագանքեց, որ օրենքով սահմանված կարգով «Հայփոստ»-ը պետք է տրամադրի 10 օրվա ընթացքում, վճարումները սկսվել են մարտի 29-ից։ «Բոլոր տարածքներում սկսվել են վճարումները, բայց մենք խնդիր ունենք տեխնիկական», — ասաց նախարարը։
«Մենք երաշխավորվա՞ծ ենք, որ մյուս ամիս չեն լինի ուշացումներ», — հետաքրքրվեց վարչապետը։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ չլինի», — նշեց Բաթոյանը։
Վարչապետն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախապես չեն ապահովել, որևէ մեկը կարո՞ղ է տալ հարցի պատասխանը։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, որ 2017-ին կառավարությունը որոշում է կայացրել, որով սահմանել է պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրության կիրառման կարգը։
«Մենք անցած տարվա հոկտեմբերի երկուսին առաջին անգամ շրջաբերականով տեղեկացրել ենք մեր գործընկերներին ու խնդրել ենք, որ ապահովեն էլեկտրոնային ստորագրությունների վավեր հավաստագրերը, 10 հազար օգտատերից մոտ 3000-ինն է եղել վավեր», — ասաց Ջանջուղազյանը։
Նախարարի խոսքով՝ մի անգամ էլ փետրվարի 2-ին են բոլոր օգտատերերին իրազեկել, որ այս ամենն ապահովեն մինչև մարտի 21-ը։
«Փաստորեն, այդ տասը հազար մարդը պետական ծառայողներ են, իսկ ինչի՞ չեն կատարել հանձնարարականը։ Տիկնայք ու պարոնայք, ինչո՞ւ ձեր ենթակաները չեն կատարել հանձնարարականները», — հետաքրքրվեց վարչապետը։
«Որ ասում ենք պետական կառավարման համակարգում շատ պարապ մարդ կա, ասում եք չէ, այդպես չէ», — նշեց վարչապետը։
Նա կոչ արեց հանել այն պաշտոնյաների ցուցակը, թեկուզ դա լինի մի քանի հազար մարդ, ովքեր հանձնարականը չեն կատարել ու նրանց պատճառով մարդիկ ժամանակին չեն ստացել նպաստները։
«Երբ առաջիկայում մենք համակարգի օպտիմալացման խնդիր կլուծենք, ուրեմն այդ մարդիկ պետք է լինեն այդ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվողների առաջին տողերում», — ասաց Նիկոլ Փաշինյանը։