«Երեկվանից սոցիալական ցանցերը հեղեղված են տեղեկատվությամբ, ըստ որի՝ ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Հրավիրել եմ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին, որպեսզի տեղեկատվություն տա՝ ինչ է կատարվում»,- կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արմեն Կոտոլյանն ասաց, որ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, խնդիրը հետևյալն է. «Ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7.1, բայց վերջին օրերին Հայռուսգազարդից գազի միջին խտությունը գալիս է 7.9-ով, այսինքն՝ աճել է, հետևաբար տնտեսվարողները ծրագրային փոփոխությունների մեջ պետք է անեին, չեն արել, դրա համար սպառողները ստիպված են եղել ավել գումար վճարել: Մենք բոլոր տնտեսվարողներին արդեն տեղեկացրել ենք՝ անպայման փոփոխություն կատարել»:
Նիկոլ Փաշինյանն այնուհետ դիմեց ՊԵԿ նախագահին. «Հնարավո՞ր է գազալցակայանների տերերն այսպիսով փորձում են պրովոկատիվ գործողություններով, իրենց խելքով որոշակի դժգոհություն հարուցել»:
«Տեսականորեն հնարավոր է»,- արձագանքեց Դավիթ Անանյանը:
«Եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում եմ, որ կարողանալու են մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են: Զգուշացնում եմ վերջին անգամ. մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան: Որևէ մեկը չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու»,- հայտարարեց վարչապետը:
Մանրամասը՝ տեսանյութում: