Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանը, Արսեն Ասատրյանը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից Նիկոլայ Սարկիսովը կարողացել են Պտղնի գյուղի կամրջի վրա կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարն այդ պահին նշված հատվածով աշխատանքից տուն վերադառնալիս է եղել, և նրա ավտոմեքենան կանգնեցրել են մի քանի քաղաքացիներ և տեղեկացրել, որ տղամարդը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Նույն քաղաքացիները մոտեցել են նաև նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկաններին:
Փրկարարն ու ոստիկանները մոտեցել են ու մոտ 10 րոպե տղամարդու հետ անցկացրել հոգեբանական զրույց և կարողացել են համոզել տղամարդուն, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Դրանից հետո ճանապարհային ոստիկանների ծառայողական ավտոմեքենայով տղամարդուն տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առաջին անհրաժեշտության բուժօգնություն են ցուցաբերել նրան:
Կայքի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի բնակիչ է, 38-ամյա Փաշիկ Դ.-ն է, և գտնվում է բժիշկների հսկողության տակ: