«Թաղապետի «նստած- հելած», բարձրագույն կրթություն չունեցող տեղակալը հորդորում է աշխատանքից ազատվելու դիմում գրել» հոդվածից հետո, ArmLife.am-ի խմբագրություն դիմած Վանուհի Գալստյանը ևս ահազանգեց, որ իրեն Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը և նրա տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատել են առանց հիմնավոր պատճառի.
«Ես 2008 թվականից աշխատել եմ Ավան վարչական շրջանում` որպես առաջատար մասնագետ: Մի քանի ամիս առաջ` վարչական շրջանի ղեկավար նշանակվելով Արա Դանիելյանը, ինձ ամեն կերպ հասկացնում էր, որ գործից ազատելու է: Իսկ մեկ ու կես ամիս առաջ ինձ հայտնեց, որ պետք է ազատման դիմում ներկայացնեմ, սակայն բավականին հիմնավոր պատճառ չունենալով ասեց, որ ինձ ուրիշ բաժին կտեղափոխի՝ առանց հաստիքի փոփոխության, մինչև վերջնական որոշվի, թե ինչ են անելու:
Այդպես, համարյա երկու ամիս, ես օդից կախված վիճակում մնացի, իրենց բուն նպատակն էր, որպեսզի ես ինձ ավելորդ զգամ, և ինքնասիրությունից դրդված կամովի ազատման դիմում ներկայացնեմ, սակայն տեսնելով, որ ես չեմ կոտրվում իրենց հոգեբանական ճնշումներից որոշեցին, ժողովրդական լեզվով ասած` գլխիս սարքեն, մեկ շաբաթ առաջ վարչական շրջանի ղեկավարը՝ իր երկու տեղակալների հետ, կանչեցին իրենց մոտ և նվաստացնելով, այն է ասեցին՝ թե իբր չէին ուզում, որ ես, իմ երեխան ու հիվանդ մայրս սովամահ լինեինք, դրա համար չէին ազատել ինձ, սակայն քանի որ չեմ արդարացրել իրենց սպասելիքները, և ինչ որ անհիմն ու առանց ապացույցի այսպես ասած «փաստեր» ներկայացնելով, հոգեբանորեն ճնշելով ստիպեցին, որպեսզի ազատման դիմում ներկայացնեմ:
«Աղջի տաս րոպեից դիմումդ սեղանիս լինի». սրանք էլ վարչական շրջանի ղեկավարի՝ Արա Դանիելյանի խոսքերն են»,- նշեց խմբագրություն դիմած Վանուհի Գալստյանը՝ ընդգծելով, որ իրեն անարդար ձևով են աշխատանքից ազատել, իսկ այսօր գտնվում է գործազուրկի կարգավիճակում, ապրում շատ ծանր պայմաններում՝ խնամքի տակ ունենալով հիվանդ ու ծեր մայր, մանկահասակ երեխա:
ArmLife.am