ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն առանց Արցախի ժողովրդի մասնակցության անթույլատրելի են համարում Արցախի հարցի լուծումը կամ կանխորոշումը, ԱԺ ճեպազրույցում այս մասին հայտնեցխմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը. «Մենք ասել ենք, որ մեզ համար խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախավերջին հայտարարության մեջ ընդհանրապես անդրադարձ չկար Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններին: Մեզ համար խնդրի կարգավորումը դիտարկվում է այս համամասնության մեջ: Եվ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ևս մեկ անգամ վերահաստատում ենք այն հանգամանքը, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հետ կապված որևէ հարցի լուծում կամ կանխորոշում մեզ համար անթույլատրելի է»,- ասաց Տոնոյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` օրեր առաջ կայացած հանդիպմանը՝ պատգամավորը նշեց, որ, իր կարծիքով, այս հանդիպման ձևաչափում կարգավորման Մադրիդյան երեք սկզբունքների և 6 տարրերի հարցը չի քննարկվել: Սակայն նա նշեց, որ առաջին հանդիպման ընթացքում գուցե տրամաբանական էր, որ այդ փաթեթով, այդ ծավալով չի քննարկվել: