64-ամյա հղի Սեյրանը 2018թ․-ի դեկտեմբերի 17-ին կանչ է գրանցել. պատճառը՝ հանկարծակի առաջացած իրավիճակներ, ինսուլտ, ծննդաբերություն։ Այս կանչի տվյալները ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Շտապօգնության» նախկին բժիշկ Վահրամ Բուլղադարյանը՝ կից գրելով․
«Եթե շտապ օգնության կարիք ունենաք ու բրիգադը ուշանա․ իմացեք, սպասարկում էր 64 տարեկան ինսուլտ տարած հղի Սեյրանին։
Սա վրիպակ չի, սենց կանչեր անթիվ անհամար են։
Թող տնօրինությունը լոլո չկարդա իբրև բյուջե չկա։
Հասկանում ենք որտեղ ա լվացվում բյուջեն»։
64-ամյա հղի Սեյրանին շտապ բուժօգնություն ցուցաբերելու տեղեկության վերաբերյալ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Աբսուրդ է, չեմ կարող ոչինչ հստակ ասել»։
Նման կանչերով փող լվալու մեղադրանքին Թագուհի Ստեփանյանը արձագանքեց. «Փող լվանա՞լ, ի՞նչ կապ ունի, ես չգիտեմ, որ նման բան կա, որտեղից ունեն այդ տեղեկությունը, չեմ հասկանում»։
Հարցին, թե Սեյրանը տղամա՞րդ է, թե՞ կին, եւ առհասարակ հնարավո՞ր է այդ տարիքում հղի լինել, «Շտապօգնության» տնօրենը չպատասխանեց, միայն նշեց. «Կանչի թերթիկները նայվում են, ստուգվում։ Ո՞նց է հայտնվել էջում։ Հնարավոր չէ, որ անկետան վերցնեն եւ հրապարակեն»։
Ֆեյսբուքյան այդ գրառումն արած Վահրամ Բուլղադարյանի մասին տիկին Ստեփանյանն ասաց․ «Ինքը մեր ակտիվներից է»՝ հավելելով, որ հրապարակված կանչի թերթիկը վերջնական տարբերակը չէ, որը լրացնում է բժիշկը, և որի հիման վրա՝ հիվանդը կարող է տեղափոխվել հիվանդանոց։