1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանը Տ. Սահակյան, Ս. Համբարձումյան, Ս. Մարաբյան կազմով շարունակեց Նարեկ Չ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:
Նարեկ Չ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով հրթիռային հաշվարկի հրամանատար, կոչումով՝ շարքային, զորամասում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պարբերաբար վիրավորանք է հասցրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, իր ղեկավարած հաշվարկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հ.-ին:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի սկզբից մինչև մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում Նարեկ Չ.-ն պարբերաբար, տարբեր առիթներով անհարկի կշտամբել ու դիտողություններ է արել շարքային Սևակ Հ.-ին, հանձնարարել է կատարել զինվորական ծառայության պարտականություններից չբխող, զինվորի համար տհաճ աշխատանքներ՝ հանձնարարել է իր փոխարեն ստանալ ու տեղափոխել իր զինվորական հանդերձանքի պարագաներ, հարդարել իր անկողինը, իր փոխարեն և ընդհանրապես՝ սահմանվածից դուրս կատարել մաքրության աշխատանքներ, Սևակ Հ.-ի կամքին հակառակ նրա ձեռքից վերցրել և օգտագործել է նրա բջջային հեռախոսը՝ այդ բոլոր գործողություններով, անընդհատ հնչեցվող հայհոյական արտահայտություններով, ըստ մեղադրանքի, Նարեկ Չ.-ն անպարկեշտ կերպով ստորացրել է զինվորի պատիվն ու արժանապատվությունը:
Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 21-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում երեկոյան անվանականչին լինելով վաշտի հերթապահ, Նարեկ Չ.-ն, մոռանալով շարահրապարակ տանել երեկոյան անվանականչի մատյանը, շարքային Սևակ Հ.-ին հանձնարարել է գնալ ու զորանոցից բերել այն, իսկ երբ վերջինս ուշացել է, շարքում մյուս զինծառայողների ներկայությամբ ասել է. «Էդ գ…-ն ի՞նչ էղավ»: Սևակի վերադառնալուց հետո նորից նրան սեռական բնույթի հայհոյանք է տվել ու ավելացրել է. «Հո դեմ չեղա՞ր պալկային»:
Բացի այդ, 2016 թվականի մարտի 16-ին, «Քուն» հրամանից հետո զորամասի ննջարանում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Նարեկ Չ.-ն բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Սևակ Հ.-ի նկատմամբ՝ ապտակներ է հասցրել մահճակալին պառկած զինվորին, կսմթել ու երկու կտտոց է հասցրել ու պահանջել. «Ա՛յ, գ…, հլը տուր հեռախոսդ»…
Պարբերաբար նման վերաբերմունքի արժանանալով և գտնվելով հոգեկան լարված, տառապագին ու ընկճված վիճակում, 2016 թվականի մարտի 24-ին, ժամը 9-ն անց 10 րոպեի սահմաններում շարքային Սևակ Հ.-ն զորամասի հրաձգարանում ինքն իր վրա կրակոց արձակելով՝ կատարել է ինքնասպանություն:
Նարեկ Չ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել զինվորին ինքնասպանության հասցնելու և մյուս մեղադրանքներում:
Նա հայտնել է, թե Սևակի հետ ծանոթացել էր դեռ 2015 թվականին ուսումնական զորամասում: Երբ սկսել են միասին ծառայել, ինքը մտերմացել է Սևակի հետ: Պատահել է՝ Սևակն ուրիշ զինվորների հետ խնդիրներ է ունեցել, ինքը միջամտել ու լուծել է հարցերը: Ինքը թույլ չի տվել, որ նա ուրիշների աշխատանքը կատարի: Սևակը հանգիստ բնավորություն ուներ…
Դեպքի օրն ինքը գնացել է հրաձգարան, այնտեղ տեսել է Սևակին, ում շրթունքը վնասված էր: Հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Նա պատասխանել է, թե վիճաբանություն է ունեցել Կնյազի հետ: Սևակն ասել է նաև, թե ինքնաձիգը լավ չի կրակում: Ինքը հեռացել է: Նստարանին նստած ծխում էր, երբ կրակոց է լսել: Գնացել ու տեսել է Սևակին՝ ընկած: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Ինքը լավ չի զգացել, արտասվել է: Եկել են ռազմական ոստիկանության աշխատողները, հարցրել են՝ ովքե՞ր են մտերիմ եղել Սևակի հետ: Ինքն ասել է՝ ես եմ եղել: Իրեն տարել են ՌՈ բաժին, պահել են անազատության մեջ:
Այնտեղ իր նկատմամբ բռնություն են գործադրել, ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Իրեն ասել են՝ եթե մեզ օգես, մենք էլ քեզ կօգնենք, գործը դատարան չենք ուղարկի: Բայց ուղարկել են դատարան:
Ըստ ամբաստանյալի՝ ինքը եղել է Սևակի միակ ընկերը: Որպես ընկերներ՝ իրար հետ կատակներ են արել, բայց ինքը Սևակին չի նվաստացրել, չի հայհոյել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել:
Նարեկ Չ.-ն ենթադրություն է հայտնել, թե շարքային Սևակ Հ.-ն ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ զենքի հետ առաջացած խնդիրների պատճառով է մահացել, Սևակն ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել: Նա իր նոթատետրում գրառումներ է կատարել ծառայությունից հետո ունեցած բազմաթիվ ծրագրերի մասին…
Նախաքննական ցուցմունքում Նարեկ Չ.-ն նշել է, որ Սևակի հետ հայհոյանքներով է խոսել, դա կրել է մշտական բնույթ: Սևակը չի պատասխանել իրեն, միայն խնդրել է մյուս զինծառայողների ներկայությամբ իր հետ այդպես չխոսել…
Դատարանը եզրակացրել է, որ Նարեկ Չ.-ի դատաքննական ցուցմունքն արժանահավատ չէ:
Զինվորի նկատմամբ կիրառված բռնության որոշ դրվագներով Նարեկ Չ.-ի քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Նարեկ Չ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով, 358.1 հոդվածի 1-ին մասով, 358.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 3 ամիս 5 օր ազատազրկման:
Պատժի սկիզբը կհաշվվի Նարեկ Չ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ պահանջելով խստացնել պատիժը՝ Նարեկ Չ.-ին դատապարտել վերջին հաշվով 6 տարի 3 ամիս 5 օր ազատազրկման:
Դատավճիռը բողոքարկել են նաև Նարեկ Չ.-ի շահերի պաշտպանները՝ պահանջելով արդարացնել նրան:
Ըստ պաշտպանական կողմի՝ նախաքննական մարմինը այս գործով կենտրոնացել է մեկ՝ ինքնասպանության վարկածի վրա: Մինչդեռ եթե երիտասարդը 2016 թվականի սկզբին հեռահար ծրագրեր է կազմել 2017-2018 թվականների համար, եթե զինվորը դեպքին նախորդած գիշերը հոր հետ հեռախոսազրույցում սննդամթերք ու հիգիենայի պարագաներ է ուզել, արդյո՞ք նա ցանկություն կունենար ինքնասպան լինելու: Հոր հետ գիշերային հեռախոսազրույցից, առավոտյան վաղ սափրվելուց, իր հիգիենայով զբաղվելուց հետո՝ մի քանի ժամվա ընթացքում ի՞նչ պիտի տեղի ունենար, որ երիտասարդը չկարողանար հաղթահարել ու վերջ տար կյանքին:
Նոթատետրում կատարած գրառումներում Սևակն ինքն իրենից պահանջել է. «Դառնալ ավելի աշխատասեր… Թքել հոգնած լինելու վրա… Դառնալ ավելի պատասխանատու… Չուշանալ… »: Գրառումներում Սևակը «խոսել» է իր հետ, ինքն իրեն առաջադրանքներ է տվել. «Ինչքան կարող ես՝ աշխատիր քո վրա… քո մարմնի վրա… Շատ վատ բնավորություն ունես… Քեզ փոխի, որ իսկական տղամարդ դառնաս… Շուտ զարթնիր… Գործերդ շուտ ավարտիր… Ամեն օր մաքրիր կոշիկներդ, ֆիզիկապես ու մտավոր զարգացիր… Կամքիդ ուժն արթնացրու… Լվա մայկեդ ու տրուսիկդ… Երկու ամսում շարայինդ դզի, բանակը քեզ կտա կամք…»:
Պաշտպանական կողմը ոչ արհեստավարժ ու անհամոզիչ է համարում հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, թերի է համարում տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ նշելով, թե վերջինի մեջ չի պատասխանվել երկու կարևոր հարցերի՝ կրակոցն ընդհո՞ւպ է եղել, զենքի փողը հպվա՞ծ է եղել տուժողի ճակատին, և՝ կրակոցի պահին ի՞նչ դիրքում է եղել տուժողը:
Պաշտպանական կողմի կարծիքով՝ նման պայմաններում պետք է նշանակվեր դիակի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն՝ բոլոր կարևոր հարցերի պատասխանները ստանալու համար, սակայն առաջին ատյանի դատարանը այդ միջնորդությունը մերժել է:
Դատական այս նիստին պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի հիմնավորումներն ու ընդհանրացումները «մի քանի բառով շեշտեց» փաստաբան Վ. Հովհաննիսյանը:
Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դեպքի վայրում՝ զորամասի հրաձգարանում կատարված տեղազննության արդյունքում առգրավված պարկուճներից ոչ մեկը, պարզվել է, կրակված չի եղել տուժողի ինքնաձիգից: Չի հաստատվել, թե այդ զենքով վերջին անգամ ե՞րբ է կրակվել:
Պաշտպանական կողմն առաջին ատյանի դատարանում նախագահող դատավորին հինգ անգամ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, բոլորը մերժվել են:
Վ. Հովհաննիսյանը նշեց, որ դեպքի օրը հրաձգարան գնացած բոլոր զինվորները ստացել էին 9 փամփուշտ: Տուժող Սևակ Հ.-ի ինքնաձիգի մեջ առկա են եղել նրա ստացած բոլոր ինը փամփուշտները: Դեպքի վայրում այլ ինքնաձիգ չի եղել: Իսկ նախաքննական մարմինը հենց սկզբից ինքնասպանության վարկածի վրա կանգ առնելով՝ չի էլ ստուգել սպանության վարկածը, այդ առումով անգամ որևէ օպերատիվ հանձնարարական չի տրվել…
Վ. Հովհաննիսյանն ընդգծեց՝ իր ամեն քայլը նոթատետրում գրանցող Սևակ Հ.-ն, որոշելով ինքնասպան լինել, այդ մասին որևէ բառ չի գրել, մի՞թե դա համոզիչ կարող է լինել…
Պաշտպանը նշեց, որ հաջորդ նիստին դատարանի ուշադրությանն է ներկայացնելու տուժող Սևակ Հ.-ի մոր դիմումը: Վերաքննիչ դատարանում որպես տուժողի իրավահաջորդ՝ ներգրավված է տուժողի մայրը, սակայն նա ինչպես նախորդ, այնպես էլ այս նիստին ներկա չէր, պաշտպանն ասաց, որ դրա բացատրությունը կա տուժողի իրավահաջորդի դիմումի մեջ, որին պաշտպանական կողմը կանդրադառնա հաջորդ դատական նիստին:
Վ. Հովհաննիսյանն ասաց՝ եթե անգամ ընդունենք, թե Նարեկի գործողությունների արդյունքում Սևակի մեջ բացասական «էմոցիաներ» են կուտակվել, ապա դատական հոգեբանն էլ առաջին ատյանի դատարանում ընդունել է, որ ինքնասպանություն գործելու որոշում կայացնելու համար տուժողին մի վերջին «ազդակ» է հարկավոր եղել, որի ազդեցությամբ կուտակված բացասական «էմոցիաները» կպոռթկային: Մինչդեռ գործի նյութերով հիմնավորված է, որ դեպքին նախորդող տասն օրվա ընթացքում Նարեկ Չ.-ն Սևակին որևէ կերպ չի նեղացրել, չի վիրավորել, նրանց միջև որևէ միջադեպ չի եղել:
Պաշտպանն անդրադարձավ Սևակի դեմքին՝ շրթունքի շրջանում եղած վնասվածքին: Դատաբժշկին հարց է տրվել այդ վնասվածքի վաղեմության մասին: Դատաբժիշկը պատասխանել է, որ այդ վնասվածքը թարմ է եղել, պատճառվել է տուժողի մահից առավելագույնը՝ մեկ ժամ առաջ:
Պաշտպանական կողմը առաջին ատյանի դատարանում միջնորդել է դատաբժշկական փորձաքննություն նշանակել՝ պարզելու՝ շրթունքի շրջանի այդ վնասվածքը Սևակ Հ.-ն կարո՞ղ էր ստանալ կրակոցից հետո՝ պատգարակի վրա դրվելու ժամանակ՝ դեմքով պատգարակին խփվելու արդյունքում:
Առաջին ատյանի դատարանը մերժել է այդ միջնորդությունը:
Պաշտպանական կողմի միջնորդությամբ քրեական գործ է հարուցվել՝ Սևակ Հ.-ի շրթունքի շրջանում վնասվածք պատճառելու փաստով, սակայն այդ գործը կարճվել է: Պաշտպանը տարակուսեց՝ այդ գործը կարճվել է այն հիմնավորմամբ, որ վնասվածք պատճառողը չի հայտնաբերվել…
Վ. Հովհաննիսյանը նշեց, որ պնդում է բերված վերաքննիչ բողոքը՝ դատավճիռը պետք է բեկանվի, Նարեկ Չ.-ն՝ արդարացվի:
Մեղադրող դատախազ Ս. Խաչատրյանն առարկեց պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի դեմ: Անդրադառնալով տուժողի շրթունքի շրջանում եղած վնասվածքին, մեղադրողն ասաց՝ դատաբժշկի եզրակացության համաձայն՝ այդ վնասվածքն առաջացել է տուժողի մահից առավելագույնը՝ մեկ ժամ առաջ: Սակայն ըստ գործի տվյալների՝ մահից մեկ ժամ առաջ Սևակ Հ.-ին ոչ ոք չէր կարող նման վնասվածք պատճառել՝ հրաձգարանում նա մոտ տասը րոպե առանձնացած է եղել, շարքում չի գտնվել, իսկ կրակոցից հետո մոտ քառասուն րոպե նա ողջ է եղել: Ամենայն հավանականությամբ՝ վնասվածքը պատճառվել է անզգուշաբար՝ դեմքը ինչ-որ բանի հարվածելու արդյունքում…
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: